Կիպրոսի խորհրդարանի պատգամավորության թեկնածու, ՍԴՀԿ աջակցությունը վայելող Անդրանիկ Աշճյանն այդ երկրի պատկան մարմինների հետ ունեցած անձնական կապերի շնորհիվ հասել է նրան, որ ընտրողների ցուցակներից հանվել են հայկական ազգանուններ չունեցող, սակայն ազգությամբ հայ բազմաթիվ ընտրողների անուններ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կիպրահայ համայնքի ներկայացուցիչ Սեպուհ Մոնջյանը։
«Սա շատ տգեղ երեւույթ է, որը բուռն արձագանք ստացավ ինչպես հայ համայնքի, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու կողմից։ Ինչպես հայտնի է, կիպրահայերը, ովքեր հայ են մոր կողմից, հետեւաբար հայկական ազգանուն չունեն, բայց միաժամանակ ցանկանում են մասնակցել ընտրություններին, քվեարկելու իրավունք ստանալու համար նախեւառաջ պետք է դիմեն եկեղեցուն, ազգությունը հաստատող փաստաթուղթ ստանան, ինչից հետո միայն կարող են մասնակցել ընտրություններին։ Ահա այդ մարդկանց հանդեպ էլ Անդրանիկ Աշճյանը փորձ է արել գործադրել իր ծանոթությունները եւ նրանց անունները դուրս բերել ընտրական ցուցակներից։ Առնվազն երեք-չորս նման մարդու ես անձամբ եմ ճանաչում։ Սակայն ուրախալի է, որ բոլոր մերժված հայազգի ընտրողների անունները եւ նրանց ընտրելու իրավունքն այժմ արդեն վերականգնվել են»,- տեղեկացրեց կիպրահայ համայնքի ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ իր համար ոչ այնքան կարեւոր են թեկնածուների անունները, որքան կատարված անարդարության համար վիրավորված է իր ազգային արժանապատվությունը։
Ամփոփելով՝ Սեպուհ Մոնջյանն տեղեկացրեց, որ հակառակ Անդրանիկ Աշճյանի պնդումների, թե հայ համայնքի ներկայացուցիչները նախապատվությունը տալիս են իրեն, իրականում առավել մեծ հեղինակության վայելում է պատգամավորության մյուս անկուսակցական թեկնածուն՝ Վարդգես Մահտեսյանը։ «Նա հայ համայնքի կողմից մեծ սեր է վայելում, բավական բաներ է արել տեղի հայերի համար։ Իհարկե, ես չեմ ասում, որ Մահտեսյանն անսխալական է, բացթողումներ եւս ունեցել է, սակայն Աշճյանի ձեռնարկած բեւեռացումն ինձ համար ուղղակի անընդունելի է»,- նշեց կիպրահայ համայնքի ներկայացուցիչը։
Նշենք, որ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կիպրոսի խորհրդարանի պատգամավորության թեկնածու Անդրանիկ Աշճյանն ավելի վաղ պնդել էր, որ իրեն սատարում է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, կիպրահայ համայնքի զգալի մասը, ինչպես նաեւ Կիպրոսի հայկական մի շարք կազմակերպություններ։
Հիշեցնենք, որ Կիպրոսում խորհրդարանական ընտրությունները նախանշված են մայիսի 22-ին։ Կիպրահայ համայնքը խորհրդարանում ունի մեկ տեղ, որի համար այս անգամ պայքարելու են Անդրանիկ Աշճյանը եւ Վարդգես Մահտեսյանը։
Հիշեցնենք նաեւ, որ Կիպրոսի խորհրդարանի խոսնակը հայազգի Մարիոս Գարոյանն է։





























