Շիրակի մարզի Առափի համայնքում այսօր՝ մայիսի 6-ին գրանցվել է սողանքի պատճառով հերթական փլուզման դեպքը: Երկու ամսվա մեջ սա արդեն փլուզման 5-րդ դեպքն է:
Հերթական մասնակի փլուզումը գրանցվել է սողանքից տուժած նույն առափեցու՝ Պողոսյանների բնակարանում: Սարը փլուզվել է բնակարանի վրա, արդյունքում տան պատուհաններն ու հատակի մեծ մասը փլվել են: Ակտիվ սողանքը վնասներ է պատճառել նաեւ առափեցի Զիրոյանների բնակարանին, որը եւս մասնակի փլուզվել է:
«Ի՞նչ ենք անելու, սողանքը հերթով սրբում-տանում է, ո՞ւմ բողոքենք, ի՞նչ անենք»,-դժգոհում են առափեցիները:
Նշենք, որ Առափի գյուղի բնակֆոնդի կեսը վտանգի տակ է, բնակիչներից շատերը շտապ տարհանման կարիք ունեն: Սողանքային գոտին ուսումնասիրելու համար կառավարությունը 10 միլիոն դրամ հատկացնելու որոշում է կայացրել:





























