Հայաստանի ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտ  Դավիթ Քոչարյանը պատրաստվում է ստեղծել «Մատնահետքերի մշակման եւ ճանաչման արագագործ համակարգ»: Այս ծրագիրը երիտասարդ ծրագրավորողը ներկայացրել է երիտասարդ գիտաշխատողների հետազոտութունների աջակցույթան մրցույթին եւ շահել: Մեկ տարում ծրագիրը իրականացնելու համար ստացել է 1.5 մլն. դրամ:

Ներկայումս Հայաստանում, ինչպես եւ ողջ աշխարհում, անվտանգության նկատառումներից ելնելով կիրառվում են մատնահետքերի ճանաչման համակարգեր:

Դ. Քոչարյանի խոսքով` ինքն ուսումնասիրել է Իտալիայում եւ ԱՄՆ կիրառվող նմանատիպ համակարգերը եւ ստեղծել իր խոսքով` ավելի օպտիմալ, ավելի արագ աշխատող ծրագրային համակարգ: Նրա խոսքով` առկա համակարգերը ունեն որոշ թերություններ, մասնավորապես պատկերի ճշգրտության հետ կապած:

«Իմ ստեղծած համակարգի նորամուծությունն այն է, որ եղած ալգորիթմների հիման վրա կստեղծվի ավելի արագագործ համակարգ, որը հնարավորություն կտա ավելի արագ եւ ճշգրիտ ճանաչել մարդու ինքնությունը` մատնահետքի պատկերի միջոցով»,-ասաց Դ. Քոչարյանը` հավելելով, որ թերություններ միշտ էլ կան, որոնք ինքը փորձել է հաշվի առնել եւ ներկայացրել է գիտական նորույթ:

Դ. Քոչարյանի խոսքով` ներկայումս Հայաստանում կիրառվում են մատնահետքերի ճանաչման դրսից բերված ծրագրերը, որոնք արտասահմանից գալիս են սարքերի, սկաներների հետ միասին, ինչը ոչ միայն գնային առումով բավականին թանկ են, այլեւ հայերեն չեն:

Երիտասարդ գիտաշխատողը ցանկանում է իր ծրագիրը մեկ տարում պատրաստելուց հետո այն թարգմանել նաեւ օտար լեզուներով եւ ներկայացնել աշխարհին:

Նշենք, որ այս տարի առաջին անգամ միայն պետական բյուջեից գիտական եւ գիտատեխիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանավորման շրջանակերում հայտարարվել է երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության մրցույթ: Արդյունքում 32 գիտական ծրագրեր դրամաշնորհներ են ստացել: Երիտասարդ գիտաշխատողներին հատկացված դրամաշնորհները ընդհանուր առմամբ կազում են 75 մլն դրամ: