Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հարաբերությունները չեն կարող լարվել Մինաս Ավետիսյանի որմնանկարների պատճառով, քանի որ այդ որնանկարները Գյումրիից Երեւան են տեղափոխվում Կառավարության որոշմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Գրիգորյանը` մեկնաբանելով այն լուրերը, թե իբր որմնանկարների տեղափոխման դեմ գյումրեցի մտավորակնների կողմից կազմակերպած բողոքի ակցիան հովանավորվում է Վարդան Ղուկասյանի կողմից:
Ըստ տեղեկությունների`Գիզիրյանն օրերս զանգահարել է Վ. Ղուկասյանին ու հրահանգել դադարեցնել կազմակերպած «դրամատիկ ակցիան»: «Ոչ մեկի, ոչ մյուսի հարաբերությունները կապ չունեն որմնանկարների հետ: Դրանք կառավարության սեփականությունն են, ի՞նչ կապ ունեն մարզպետի եւ քաղաքապետի հարաբերությունների լավանալը կամ վատանալը կառավարության որոշման հետ: Բողոքի ակցիան կազմակերպել է ոչ թե քաղաքապետը, այլ արվեստագետները: Քաղաքպետն ի՞նչ գործ ունի այդ ակցիայի հետ»,-տարակուսեց մարզպետարանի ներկայացուցիչը: Նա նաեւ հավելեց, որ եթե անգամ Վարդան Ղուկասյանը կապ ունի բողոքի ակզիայի հետ, ապա դա որեւէ կերպ չի կարող ազդել նրա եւ մարզպետի հարաբերությունների վրա:
Նշենք, որ ըստ լուրերի, Վարդան Ղուկասյանն է քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանի միջոցով հրահանգել հավաքագրել հասարակական, արվեստի եւ մշակույթի գործիչների, որոնք հրապարակայնորեն դեմ կարտահայտվեն Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրիից տեղափոխելուն:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Մինասի 2 որմնանկարները՝ «Երկանք» եւ «Թել են մանում», կտեղադրվեն «Զվարթնոց» օդանավակայանում։ «Երկանք» որմնանկարը ներկայում գտնվում է Գյումրիի «Էլեկտրատեխնիկական գործարանի» նախկին ճաշարանի շենքում, իսկ «Թել են մանում» որմնակարը՝ Գյումրիի «Գալվանոմետր գործարան (Օմեգա)» գործարանի շենքում։ «Երկանք»-ը տեղափոխվում է «Զվարթնոց»-ի նախագահական համալիր, իսկ «Թել են մանում»-ը` «Զվարթնոց» օդանավակայանի նոր ուղեւորային համալիրի մեկնման սրահ։
Որմնանկարների տեղափոխման բոլոր ծախսերը հոգում է «Զվարթնոց» օդանավականը։ Որմնանկարները շարունակելու են մնալ պետական սեփականություն:





























