Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում մի շարք հաղթանակներ է արձանագրել, մինչդեռ դրանց մեծ մասի մասին ակնածանքով եւ հպարտությամբ նշվում է միայն դասագրքերում կամ թեկնածուական ատենախոսություններում: Հանրության լայն շրջանակները, սակայն, անտեղյակ են այդ հաղթանակներից: Եւ երբ հարկ է լինում թվել հաղթանակներից գոնե մեկ-երկուսը, բոլորը, որպես կանոն նշում են Ավարայրում տարած «բարոյական հաղթանակը», եւ եւս երկու «ոչ բարոյական» հաղթանակ`«Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը»` մայիսի 9-ն ու Շուշիի ազատագրումը: Տպավորություն է, թե հայ ժողովրդի արձանագրած հաղթանակների (թող որ «բարոյական») մեկնարկը 5-րդ դարն է` 451 թվականը, որից հետո մոտ 15 դար Հաղթանակի աստվածուհին լքել է հայերին:
Այդպե՞ս է արդյոք: «Ոչ: Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում, տարբեր պատմիչների վկայություններով, շուրջ 1500 հաղթանակ է արձանագրել»,-NEWS.am-ի
թղթակցի հետ զրույցում հայտնեց «Մեր հաղթանակները» չորս հատորանոց գրքի հեղինակային խմբի ղեկավար, պատմաբան Սուրեն Մարտիկյանը` շարունակելով. «Մեր հաղթանակների տարեգրության մասին Ձեր հարցն ինձ անակնկալի բերեց, դրանք այնքան շատ են, որ ես նույնիսկ դժվարանում եմ` որ մեկը թվեմ»: Մարտիկյանը նշեց, որ «Մեր հաղթանակները» գրքում ներկայացված հաղթանակների տարեգրությունն սկսվում է Հայկյան պետության ստեղծումից` Բելի նկատմամբ Հայկ նահապետի տարած հաղթանակից: Ըստ պատմաբանի` նշված քառահատոր գրքի յուրաքանչյուր հատորում ներկայացված է շուրջ 40 հաղթանակ, որոնք ապացուցում են, որ Հայակական լեռնաշխարհում ռազմարվեստը եղել է բարձր մակարդակի վրա եւ հայերը «կռվել եւ հաղթել իմացող ժողովուրդ են եղել»:
Ի՞նչն է պատճառը, որ հայերս անտեղյակ ենք մեր հաղթանակներից, կարկամում ենք, երբ դրանք թվելու առիթ է լինում:
Էթնոհոգեբան Կարինե Նալչաջյանը, որպես պատճառ նշեց քարոզչական վատ աշխատանքը`մշակութային ժառանգությունը փոխանցելու բնագավառում: «Մշակույթը շատ լայն հասկացություն է, որի մեջ մտնում է նաեւ սեփական ժողովրդի անցյալը, պատմությունը: Իսկ այդ պատմությունը փոխանցելու հարցում մենք շատ վատ ենք աշխատում»,-նշեց հոգեբանը: Նրա խոսքով` կրթության եւ մշակույթի ոլորտը Հայաստանում ամենաանտեսված եւ մոռացված ոլորտն է:
«Երեխաների գլուխը դպրոցներում ինչով ասես` լցնում են, իսկ հայ ժողովրդի պատմական անցյալի կարեւոր անցքերի եւ նվաճումների մասին մակերեսային գիտելիքներ են տալիս»,-նկատեց Նալչաջյանը: Նա նաեւ հավելեց, որ չի ընդունում տարածված այն տեսակետը, թե պետք չէ հետ նայել եւ հիշել անցյալը: «Ամեն ժողովուրդ պետք է իմանա իր անցյալը, սակայն մեզանում այնպես է ստացվել, որ անցյալի մասին խոսելով միայն Ցեղասպանությունն ենք հիշում: Անշուշտ դա էլ պետք է իմանալ, սակայն դրա կողքին հոգեպես ամրապնդող դրվագներ էլ պետք է իմանալ, իսկ մեր պատմությունը լիքն է այդպիսի դրվագներով»,-նշեց NEWS.am-ի զրուցակիցը:
Նրա խոսքով` յուրաքանչյուր ժողովուրդ պետք է լինի հոգեբանորեն սպառազինված` դիմակայելու համար պատերազմներին հաջորդող եւ նախորդող «հոգեբանական պատերազմներին»: «Պետք է այնպես անել, որ հայ մարդը նախեւառաջ իր հայրենիքի հետ կապված լինի հոգեբանորեն, իսկ այդ հարցում պետք է օգտագործել անցյալի ոգեւորիչ իրադարձություններն ու հաղթանակները: Դրանք կարեւոր են նաեւ երկրին սպառնացող դեմոգրաֆիական խնդիրները լուծելու, մասնավորապես արտագաղթը կանխելու հարցում»,-նշեց Նալչաջյանը: Նա նաեւ հավելեց, որ հայ երեխան այսօր շատ ավելի լավ է ճանաչում «բոեւիկ» կինոհերոսներին, օրինակ Բրյուս Լիին ու Ժան Կլոդ վան Դամին, քան թե իր ազգի ներկայացուցիչ պատմական հերոսներին:
Նա առաջարկեց հայոց պատմության երեւելի էջերն առանձնահատուկ կերպով դեռ վաղ հասակից ուսուցանել երեխաներին` կազմակերպելով զանազան միջոցառումներ եւ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները:
Իսկ ո՞վ պետք է ստանձնի այդ առաքելությունը` պետական ապարա՞տը, թե՞ հասարակական սեկտորը: Ըստ հոգեբանի, քանի որ մշակութային փոխանցման գործը պետական կարեւորություն ներկայացնող երեւույթ է, ապա դրա իրականացումը պետք է դրվի պետության ուսերին: Այն պետք է ստանձնեն կրթության եւ մշակույթի պատասխանատվությունը կրող բոլոր օղակները, ինչպես արվում է ամբողջ աշխարհում:
«Մեր դրկից հարեւանները հոգեբանական սպառազինության հարցում մի քանի անգամ գերազանցում են մեզ: Նրանք չեղած բաներն են ներկայացնում իրականության տեղ, ստեղծում են, ընդհուպ` կեղծում ու ստում են: Իսկ մենք մեր եղած հսկայական պատմական նյութի հետ վարվում ենք չտեսնված անփույթ կերպով: Մինչդեռ կրթության եւ մշակույթի ոլորտում թույլ տրված բացթողումները շատ հեռահար բացթողումներ են, որոնք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ ազգի պահպանման հարցում»,-հայտարարեց էթնոհոգեբանը:
Պատրաստեց Ելենա Գեւորգյանը




























