Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը արձագանքել է օրերս ՕԵԿ անդամ Վաղինակ Բաղդասարյանի որդու հարսանիքի ժամանակ իր եւ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին լուրերին:
«Ես ու Արթուր Բաղդասարյանը 20 տարեկան չենք, որ վիճաբանություն սարքենք հարսանիքի ժամանակ»,-հայտարարել է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը:
Լրագրողների հարցին, թե ի՞նչ միջադեպ է եղել իր եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ եւ ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ նա «ճըլոթել» է ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին, Գիզիրյանն պատասխանել է. «Ասեմ իմացեք, որ նման բան չկա: Մենք հո 20 տարեկան չե՞նք, որ կռիվ սարքենք հարսանիքի ժամանակ: Մենք իրար վաղուց ենք ճանաչում»:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի ղեկավար, ՕԵԿ անդամ Վաղինակ Բաղդասարյանի (Արթուր Բաղդասարյանի հետ հորեղբոր թոռներն են) որդու՝ մայիսի 1-ին տեղի ունեցած հարսանիքի ժամանակ գինովցած Աշոտ Գիզիրյանի եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ տհաճ խոսակցություն է բռնկվել։ «ԱԽՔ-ը զայրացած քաշել է մարզպետի թեւից՝ առաջարկելով կողքի սենյակում առանձին խոսել։ Քիչ անց այդ սենյակից ճլըթոց է լսվել, եւ Արթուր Բաղդասարյանը խառնված ու սրտնեղած այնտեղից դուրս է պրծել»:
Դրանից հետո NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հարսանքատեր Վ. Բաղդասարյանը հայտարարել է, թե պատրաստ է հեռուստաընկերություններին տրամադրել իր որդու հարսանիքի տեսաերիզը, որպեսզի բոլորը դիտեն ու համոզվեն, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ու Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը չեն կռվում եւ «հաշտ ու համերաշխ, իրար գրկած» պարում են:
Իսկ առանձին «խոսակցությանը», ըստ գյուղապետի, նախորդել է այն, որ խմել են ՕԵԿ-ի կենացը: «Ես եմ հարկ ու հրավերի տերը, ինչ կենաց ուզեմ կխմեմ, ես ՕԵԿ եմ, Արթուրն իմ բարեկամն է, Գիզիրյանն էլ տեսաերիզում երեւում է, բաժակ է խփել, խմել է», որից հետո Բաղդասարյանի խոսքով, Գիզիրյանն ու Արթուր Բաղդասարյանը իջել են ներքեւ ծխելու: «Բայց էնպես չէ, որ հարսանիքին չեն մասնակցել է, մասնակցել են, ներքեւում էլ սեղան էր դրված դեսերտ, այնպես որ խնդիր չկա, Գիզիրյանն ու Արթուր Բաղդասարյանն իմ օջախից կռված դուրս չեն եկել»,-մեկնաբանել է Սպանդարյան համայնքի ղեկավար Վաղինակ Բաղդասարյանը:




























