Ամերիկացի հայտնի խաբեբա Բեռնարդ Մեդոֆի եղբորը՝ Փիթեր Մեդոֆին ԱՄՆ-ում բանտից ազատ են արձակել: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով բանտերի դաշնային բյուրոյին:

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սքոթ Թեյլորի խոսքերով՝ հինգշաբթի, օգոստոսի 13-ին, 74-ամյա Մեդոֆին ազատ են արձակել տնային կալանքից, որին նրան տեղափոխել էին 2019-ի նոյեմբերին: Դրանից առաջ նա պատիժը կրում էր Մայամիի դաշնային բանտում:

2012 թվականի դեկտեմբերին ամերիկյան դատարանը Փիթեր Մեդոֆին դատապարտել էր 10 տարվա ազատազրկման: Դրանից առաջ նա ընդունել էր ֆինանսական խարդախությունների մեջ իր մեղքը, որը կատարել էր այն ժամանակահատվածում, երբ եղբորը պատկանող ընկերություններից մեկում ներքին հսկողության բաժնի վարիչն էր, հաղորդում է Gazeta-ն:

«Դարի խարդախ» Բեռնարդ Մադոֆը 2009 թվականի հունիսին 150 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ 20 տարի ներդրողներին եւ կարգավորողներին խաբելու համար: