Այսօր առավոտյան ՄՀՆՋ-ն ցրել է Մինսկի տրակտորի գործարանի անցակետում հավաքված մարդկանց։ Այստեղ հավաքվել էին գործարանի աշխատողները, որոնք նախօրեին իրենց հաշվին արձակուրդի դիմում էին գրել, իսկ այսօր չեն կարողացել ձեռնարկության տարածք մտնել արգելափակված անցաթղթերի պատճառով։ Մինսկի տրակտորի գործարանի մոտ են եղել նաեւ Մինսկի շարժիչների գործարանի աշխատողները, որոնք եկել էին գործընկերներին սատարելու, եւ այլ ոչ անտարբեր մարդիկ։ Հիմա անցակետի մոտ է ՄՀՆՋ-ն, հայտնում է TUT.by-ը։
Մինսկի տրակտորի գործարանի աշխատողներն այսօր, որոնք երեկ գլխավոր տնօրենի հետ պայմանավորվածության համաձայն իրենց հաշվին արձակուրդի դիմումներ էին գրել, չեն կարողացել մտնել գործարանի տարածք։ Նրանք մի քանի հարյուր մարդ են։ Նրանց անցաթղթերն արգելափակել են։ Ընդ որում՝ նրանց մյուս գործընկերներին, որոնք արձակուրդի դիմումներն չէին գրել, առանց որեւէ խնդրի թույլ են տվել գործարան մտնել։
Հաղորդվում է, որ երեքշաբթի իրենց հաշվին արձակուրդի դիմում էին գրել մոտ 500 աշխատողներ։
Մինսկի տրակտորի գործարանի աշխատողների մի մասը իր հաշվին արձակուրդ է գնացել, այդ թվում՝ քաղաքական պատճառներով, բայց ձեռնարկությունն աշխատում է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են բելառուսական գործարանի մամուլի ծառայությունից։ «Գործարանի աշխատողների մի մասը իր հաշվին արձակուրդի դիմում է գրել։ Ունեցած տեղեկություններով՝ 167 մարդ ընտանեկան-կենցաղային հանգամանքների պատճառով, 5-ը՝ քաղաքական պատճառներով եւ գործադուլի անցկացման հետ կապված»,- ասել է մամուլի ծառայության աշխատակիցը։ Նա հստակեցրել է, որ Մինսկին տրակտորի գործարանում աշխատում է ընդհանուր 15 հազարից ավելի մարդ։
Գործակալության զրուցակիցը միաժամանակ ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ «գործարանն աշխատում է, տրակտորները հավաքվում են, տեխնիկան բեռնվում է»։ «Հասկանալի է, որ հիմա ահնար է իրավիճակը 100 տոկոսով սովորական անվանել»,- ասել է նա։
Մեկնաբանելով բելառուսական որոշ լրատվամիջոցներում այսօր հայտնված տեղեկություններն այն մասին, որ գործարանի անցակետի մոտ մարդկանց ցրել է ՄՀՆՋ-ն, մամուլի ծառայության աշխատակիցը նշել է, որ «գործարանի ղեկավարությունը միլիցիա չի կանչել»։





























