Փոքր Վեդի համայնքի երաժշտական դպրոցի մանկավարժները եւ ծնողներն այսօր՝ օգոստոսի 19–ին, բողոքի ակցիա էին իրականացնում՝ դպրոցի տնօրենի փոփոխության դեմ։
Նրանց խոսքով նախկին տնօրենը, որը նշանակվել էր 2019 թվականին, ուներ երաժշտական կրթություն, իսկ ներկա տնօրենը մաթեմատիկայի ուսուցիչ է։
«Օրենքը թույլ է տալիս, որ տնօրենն ունենա բարձրագույն կրթություն, և կոնկրետ չի նշվում մասնագիտությունը։ Բայց եթե դպրոցում ունենանք գրագետ փոխտնօրեն, որը մասնագիտական առումով կկարողանա կառավարել ամբողջ դպրոցի գործընթացը, որպեսզի մենք հետագայում չկանգնենք փաստի առաջ, չխաթարենք ճիշտ դասապրոցեսը, կարող ենք նաեւ աշխատել նշված տնօրենի հետ։ Նորանշանակ տնօրենի դեմ ոչինչ չունենք, ոչ էլ համայնքի ղեկավարի։ Համայնքի ղեկավարն է ընդունողն ու ազատողը, բայց պետք է նաեւ մի փոքր մեր կարծիքը հարցնի։ Մենք չենք պահանջում նախկին տնօրենին, այլ գրագետ տնօրեն։ Սակայն ինչու ոչ, եթե հնարավոր է՝ նաեւ հետ ենք պահանջում նրան, որովհետեւ նրան միտումնավոր հեռացրեցին։
Լրագրողի հարցնի, թե եթե մինչեւ 2019 թվական դպրոցը երկար տարիներ ղեկավարել է ոչ մասնագետ տնօրեն, ինչո՞ւմն է խնդիրը, որ նորից տնօրենը ոչ մասնագետ լինի, համայնքի ավագանու տղամարդ անդամներից մեկը, որը ավագանու այլ անդամների հետ միացել էր բողոքի ակցիային, պատասխանեց, որ նա միակ տղամարդն է լինելու կոլեկտիվում, եւ ոչ մի աշխատողի ամուսինը թույլ չի տա, որ նա իր կինը ժամերով նրա հետ քննարկումներ անցկացնի։
Համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանն էլ նշեց, որ 2019 թվականին ցանկացել է տնօրեն նշանակել աշխատակիցներից մեկին, ժողով է հայտարարել, սակայն ոչ ոք չի ցանկացել այդ պաշտոնը ստանձնել։ Այդ պատճառով ընտրել է հայտ ներկայացնողներից մեկին, որը, սակայն, պատշաճ չի կատարել պարտականությունները, ինչի պատճառով ազատվել է աշխատանքից։
Նոր տնօրենը, ըստ համայնքի ղեկավարի, որը նշանակվել է որպես պաշտոնակատար՝ մինչեւ մրցույթի անցկացումը, ավարտել է Կառավարման ակադեմիան եւ լիովին համապատասխանում է պաշտոնին. «Նրանք առանց աշխատել ասում են՝ չէ»։
Նախկին տնօրենը նշում է, որ իրեն ազատել են անձնական նկատառումներով։





























