Բլոգեր Ալեքսեյ Նավալնուն, որը հոսպիտալացվել է Օմսկում, միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Այս մասին այսօր Twitter-ում հայտնել է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ալեքսեյը նախկինի պես անգիտակից վիճակում է, նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Մեր պահանջով հիվանդանոց են կանչել ոստիկանությանը»,- նշել է նա։

Յարմիշը հինգշաբթի առավոտյան հայտնել էր, որ Տոմսկից Մոսկվա թռչող օդանավը, շտապ վայրէջք է կատարել Օմսկում, քանի որ թռիչքի ժամանակ Նավալնիի ինքնազգացողությունը վատացել է։ Նա հավելել է, որ բլոգերը անգիտակից վիճակում է եղել։

Յարմիշը նշել է, որ Նավալնին առավոտյան միայն թեյ է խմել, եւ ենթադրել է, որ բլոգերին կարող էին թունավորած լինել։

Նավալնին վերակենդանացման բաժանմունքում է։ Օմսկի շտապօգնության թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին ՏԱՍՍ-ին հայտնել է, որ բլոգերը ծանր վիճակում է։