Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, ում հոսպիտալացրել էին Օմսկում, կայուն վիճակում է։ Այս մասին հայտնել է Օմսկի թիվ 1 շտապ բժշկական օգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն։
«Ես ինձ թույլ կտամ որոշ զգուշավոր արտահայտություն։ Հաշվի առնելով այն վիճակը, որով նա մեզ մոտ էր տեղափոխվել, հաշվի առնելով ամբողջական ախտորոշման ոչ հստակ լինելը, այն, որ մեզ հաջողվել է նրա վիճակը կայունացնել, այն, որ մեզ հաջողվել է հիմա ունենալ այն կլինիկական պատկերը, որն առկա է, մեզ համար դա որոշակի զգուշավոր, լավ կանխատեսումային նշան է»,- ասել է Կալինիչենկոն։
Գլխավոր բժշկի տեղակալը չի ասել՝ Նավալնին արդյոք շարունակում է կոմայի մեջ լինել։ Օմսկի առողջապահության նախարարությունից, իրենց հերթին, հայտնել են, որ «Նավալնին բնական կոմայի մեջ է, շարունակվում է թոքերի արհեստական օդափոխությունը»։ «Էխո Մոսկվի» ռադիոյի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հայտնել է, աղբյուրներին վկայակոչելով, որ «Ալեքսեյ Նավալնին ինքն է շնչում», փոխանցում է «Մեդուզան»։
Օմսկ է եկել քաղաքական գործչի կինը՝ Յուլիա Նավալնայան, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը եւ «Բժիշկների ալյանսի» առաջնորդ, Նավալնու բժիշկ Անաստասիա Վասիլեւան։ Նրանց թույլ չեն տվել Նավալնու մոտ, հայտնել է ընդդիմադրի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
Ալեքսեյ Նավալնուն հոսպիտալացրել են օգոստոսի 20-ի առավոտյան այն բանից հետո, երբ Տոմսկ-Մոսկվա օդանավում նրա ինքնազգացողությունը վատացել է։ Օդանավը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որից հետո քաղաքական գործչին շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց։ Նավալնու մամուլի քարտուղար Կիրա Յարմիշն ասել է, որ ընդդիմադրին թունավորել են։ Օգոստոսի 20-ի ցերեկը հիվանդանոցի ներկայացուցիչ Անատոլի Կալինիչենկոն ասել է, որ «բժիշկներն իրականում զբաղված են Նավալնու կյանքը փրկելով»։





























