Օմսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գտնվող քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու հավանական ախտորոշման մասին տեղեկացվել է նրա կնոջը, լրագրողներին հայտնել է Օմսկի թիվ 1 շտապ բժշկական օգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ներկայումս մենք գործնականում ունենք ամբողջական ախտորոշումը։ Մենք ունենք ախտորոշում, մենք ունենք բարդություններ, մենք ունենք այն վիճակները, որոնք նրա մոտ կան՝ դրանք ամբողջությամբ տեղավորվում են այն ախտորոշման կառուցվածքում, որը մենք պարզել ենք։ Ցավոք, ես չեմ կարող ձեզ համար այն հրապարակել, բայց դրա մասին տեղեկացվել են մեր պացիենտի կինն ու եղբայրը։ Նրանք մեզնից բանավոր ստացել են ամբողջական տեղեկություններ, մեզնից, մեր մոսկովյան գործընկերներից կոնսիլիումի, քննարկումների արդյունքները։ Մենք պատասխանել ենք բոլոր հարցերին, բայց այդ ամենը, բնականաբար, ըստ անհատական տվյալների մասին օրենքների, ենթակա չեն լայն քննարկման»,- ասել է Կալինիչենկոն։

«Ներկայումս «թունավորում» ախտորոշումը, հավանաբար, մնում է մեր գիտակցության ենթաշերտերում, բայց մենք չենք կարծում, որ պացիենտը թունավորվել է»,- հայտարարել է բժիշկը։