Իրավապահ մարմինները ձերբակալել են «երշիկների արքա» Վլադիմիր Մարուգովի` Մերձմոսկվայի նրա տան բաղնիքում սպանության մեջ կասկածվողներին: Այս մասին հայտնում է LIFE SHOT Telegram ալիքը: Ռուսաստանի քննչական կոմիտեն դեռ չի հաստատել այս տեղեկությունը:

Ավելի վաղ` նոյեմբերի 2-ին, հաղորդվել էր, որ «Մսի կայսրություն» վերամշակման կոմբինատի սեփականատեր Մարուգովը եւ նրա բնակցուհին բաղնիքում էին, երբ այնտեղ աղեղնազենով զինված երկու անհայտ դիմակավորված անձ էր ներխուժել: Նրանք կապել էին Մարուգովի եւ նրա ընկերուհու ձեռքերը, սպառնացել եւ խոշտանգման էին ենթարկել նրանց` փող պահանջելով, ապա աղեղնազենով կրակել էին Մարուգովի կրծքին: Կնոջը հաջողվել էր ազատվել պարաններից, դուրս ցատկել պատուհանից եւ վազել հարեւանների մոտ: Նրանք ոստիկանություն էին կանչել, փոխանցում է «Լենտա»-ն: 

Այդ ընթացքում հանցագործներն ավտոմեքենայով փախուստի էին դիմել, որի պետհամարանիշը թաքնված էր պոլիէթիլենային տոպրակի տակ: Ոստիկանները հասել էին հանցագործներին, սակայն նրանք թողել էին ավտոմեքենան եւ վազել էին անտառը:

Սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնել է ՌՔԿ մարզային վարչության ներկայացուցիչ Օլգա Վրադին: Դեպքի վայրի զննման ժամանակ առգրավվել է աղեղնազենը, որից կրակել էին Մարուգովի վրա: Գտնվել է նաեւ հանցագործների ավտոմեքենան: Հետախուզությունը շարունակվում է: