Ընդդիմությունը սկսում է անժամկետ բողոքի ցույց երկրի Կենտրոնական ընտրահանձնաժողովի շենքի մոտ: Այդ մասին Թբիլիսիում բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ հայտարարել է ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

Կուսակցությունների առաջնորդներն ու նրանց կողմնակիցները մտադիր են արգելափակել ընտրական վարչությունը, քանի դեռ երկրում չեն նշանակվել նոր խորհրդարանական ընտրություններ:

«Ոչ մեկը չպետք է դուրս գա այդտեղից եւ ոչ մեկը չի մտնի ներս, քանի դեռ նոր ընտրությունները չեն նշանակվել: Այնտեղ մենք բոլորս կանգնած կլինենք»,-հայտարարել է Մելիան:

Ավելի վաղ, Վրաստանի ընդդիմությունը երկրի իշխանություններին վերջագիր է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիայի հրաժարականի համար: Վերջագրի ժամկետը սպառվում է այսօր 20:00-ին: Ժվանիայի հրաժարականի դեպքում ընդդիմությունը խոստացել էր բանակցություններ անցկացնել «Վրացական երազանք» իշխող կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հետ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ:

Մելիան չի բացառել իշխող կուսակցության հետ բանակցությունները վաղը, նոյեմբերի 9-ին: Նրա խոսքով՝ այսօր նրանք խոսել են «Վրացական երազանքի» առաջնորդների հետ:

«Քանի դեռ հանդիպումը չի կայացել, մեզնից եւ ոչ մեկը չի հավատում ինչ-որ հիպոթետիկ խոստումներին»,-ընդգծել է նա:

Այս պահին ցուցարարները շարժվում են Ռուսթավելի պողոտայից դեպի Ագմաշենեբելի ծառուղի, որտեղ տեղակայված է ԿԸՀ-ն: