ԱՄՆ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի մասին համաձայնագիրը, սպասում է դրա իրականացման մանրամասներին եւ ուրախ կլինի վերջ տալ բռնությանը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«Մենք ի գիտություն ենք ընդունել Ռուսաստանի միջնորդությամբ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը եւ շահագրգռված կլինենք ավելին իմանալ այս նոր համաձայնագրի իրականացման մանրամասների եւ ծրագրերի մասին, երբ այն կայանա»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը։

«Մենք ուրախ կլինենք տեսնել բռնության վերջը, բայց առայժմ չենք կարող մեկնաբանել հրադադարի կամ հետագա քայլերի կոնկրետ մանրամասները: Այն, թե ինչպես են հակամարտության կողմերը ընկալում նոր պայմանավորվածությունները, պետք է հարցնել նրանց»,- հավելել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ի սկզբանե դատապարտել էր շփման գծի երկայնքով լարվածության աճը եւ մարդկային կորուստները: