Նիդեռլանդների կոալիցիոն չորս կուսակցություններից երեքի օրենսդիրները արտգործնախարարին կոչ են արել ճնշել Եվրոպային՝ զենքի էմբարգո սահմանելու Թուրքիայի դեմ՝ ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավվելու համար, հաղորդում է DutchNews.nl-ը:

«Եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խրախուսում է ռազմական բախումը, այլ ոչ կայունությունը, մենք պետք է հասկանանք, որ քանի դեռ դա շարունակվում է, Թուրքիային այլեւս չպետք է զենք ուղարկվի»,- ասել է պատգամավոր Շորդ Սյորդսման:

Հոլանդացի օրենսդիրները մտահոգված են նաեւ այն փաստով, որ Թուրքիան կարող է եվրոպական արտադրության զենքեր օգտագործել Լիբիայում եւ Միջերկրական ծովի արեւելյան մասում, հաղորդում է DutchNews.nl-ը:

Ֆրանսիան նաեւ Թուրքիայի հանդեպ պատժիչ միջոցների է ուզում հասնել՝ ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ Էրդողանի ագրեսիվ հռետորաբանության եւ արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիայի վարած քաղաքականության:

Ֆրանսիական Europe 1 ռադիոկայանը ավելի վաղ հայտնել էր, որ Փարիզը Եվրոպական խորհրդին կառաջարկի վերացնել Թուրքիայի հետ ԵՄ մաքսային միությունը: