Թուրքիան պետք է դադարեցնի սադրանքները Միջերկրական ծովի արեւելքում, եթե ցանկանում է խուսափել Եվրամիության պատժամիջոցներից: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը, հայտնում է Reuters-ը:
«Ինչ որոշում կկայացվի դեկտեմբերին կայանալիք ԵՄ գագաթաժողովում, դա կախված է Թուրքիայից»,- ասել է Մաասը ԵՄ արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ, որը պետք է կայանա տեսակոնֆերանսի ձեւաչափով:
ԵՄ ղեկավարները նախորդ ամիս պայմանավորվել էին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե նա չկարողանա դադարեցնել ապօրինի սադրանքները Հունաստանի եւ Կիպրոսի ջրերում՝ ծովային սահմանների եւ նոր հայտնաբերված ածխաջրածինների հորատման իրավունքների շուրջ:
«Եթե մինչեւ դեկտեմբեր մենք Թուրքիայի կողմից դրական ազդակներ չտեսնենք, այլ միայն հետագա սադրանքներ, ինչպիսին է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Հյուսիսային Կիպրոս, ապա մենք դժվար բանավեճ կունենանք»,- ասել է Մաասը՝ նկատի ունենալով Էրդողանի այցը Կիպրոսի զբոսաշրջային Վարոշա հանգստավայր, որը լքվել էր 1974-ին թուրքական ներխուժումից հետո, իսկ անցյալ ամիս մասամբ վերաբացվել է կիպրացի թուրք իշխանությունների կողմից:





























