Արդեն հայտնել էինք, որ նոյեմբերի 26-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում «Լուսավոր Հայաստան»  խմբակցության հեղինակած  ռազմական դրությունը վերացնելու մասին ՀՀ ԱԺ որոշման նախագիծն է։

ԱԺ- Կանոնակարգ Սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պաշտոնական գրությամբ։ Արտահերթ նիստը, որպես կանոն, գումարվում է պաշտոնական գրությունն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ հինգերորդ աշխատանքային օրվանից ոչ շուտ:

«Մենք հենց նույն օրն էինք ուզում արտահերթ նիստ հրավիրել, որովհետեւ շտապ էինք ուզում անել, նույն օրը չէր ստացվում նիստ հրավիրել, քանի որ  ԱԺ-Կանոնակարգ Սահմանադրական օրենքի համաձայն՝ արտահերթ նիստ նույն օրը հրավիրելու համար, այսինքն՝ սահմանված ժամկետից ավելի վաղ, պետք է, որ ԱԺ խորհուրդը նիստ գումարի, քանի որ խորհուրդը մի քանի անգամ չհավաքվեց եւ տիկին Նազարյանն էլ այսօր հայտարարեց, որ չեն էլ ներկայանալու, մենք օգտագործեցինք մյուս մեխանիզմը, որով պարտադիր կերպով նիստ է հրավիրվում։ Հիմա տեսնենք, եթե «Իմ քայլի» պատգամավորները չներկայանան, քվորում չլինի ԱԺ նիստում, ապա նիստը չի կայանա»,- NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանեց «Լուսավոր Հայաստան»  խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ-ի այս նախաձեռնությանը միացել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ստորագրած հայտարարությունից հետո ընդդիմադիր խմբակցությունները քանիցս փորձել են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, որպեսզի նախ ռազմական դրությունը վերացնեն, ապա հնարավորություն ունենան անվստահություն հայտնել Կառավարությանը, սակայն նրանց փորձերն անհաջող են անցել՝ «Իմ քայլը» խմբակցության այն անդամները, որոնք ԱԺ խորհրդի կազմում են՝ չեն ներկայացել խորհրդի նիստին, եւ այն չի կայացել։