Չինգիզխանի կենսագրությունն ունի բազում առեղծվածներ եւ անհամապատասխանություններ, եւ հատկապես շատ հարցեր է առաջացնում մեծ առաջնորդի մահը: Համարվում է, որ Չինգիզխանը մահացել է ձիուց ընկնելու հետեւանքով եւ չի կարողացել ապաքինվել ստացված վնասվածքներից, կամ որ նրան դանակահարել է հանդուգն սիրուհին: Սակայն իրականում Մոնղոլական կայսրության առաջին մեծ խանը կարող էր մահանալ բուբոնային ժանտախտի հետեւանքով, հաղորդում է Planet- today-ը:
Կա վարկած, որ Չինգիզխանի մահվան գաղտնիքը պատահականություն չէր. զոհված առաջնորդի հետնորդները հատուկ են հնարել բազմաթիվ միֆեր Չինգիզխանի վախճանի մասին, որպեսզի ապատեղեկատվություն տարածեն Մոնղոլական կայսրության թշնամիների շրջանում: Սակայն իրականում կարող էր լինել այնպես, որ Չինգիզխանը դարձել էր ժանտախտի զոհ: Այդ եզրահանգման են եկել Ֆլինդերսի համալսարանից հետազոտողները, որոնք ուսումնասիրել են խանի մահվան հանգամանքները հնագետ Ֆրանչեսկո Գալասիի գլխավորությամբ:
«Չինգիզխանը մահացել է ֆիզիկական եւ ինտելեկտուալ կարողությունների գագաթնակետում: Չկան հիմքեր համարելու, որ նրան թունավորել են կամ սպանել քաղաքական դրդապատճառներով: Փոխարենը կան հիմքեր վարակիչ հիվանդությունների մակարդակում, որոնք, ինչպես ցույց է տալիս COVID-19-ի համավարակը, կարող են լինել չափազանց վտանգավոր»,-նշում է Գալասին:
Գիտնականները վերլուծել են պատմական տեքստերը, որոնցում նկարագրված են Չինգիզխանի վերջին օրերը, եւ պարզել, որ մահից օրեր առաջ խանը տառապել է տենդով: Բուբոնային ժանտախտի մասին տեղեկությունները, որը սկսվել է Չինգիզխանի մահվան շրջանում, ստիպել են գիտնականներին ենթադրել, որ Մոնղոլական կայսրության առաջին մեծ խանը դարձել է հենց այդ հիվանդության զոհը:




























