Այսօր Հանրային հեռուստաընկերությունում տեղի ունեցավ Մեդիա ակադեմիայի պաշտոնական բացումը:  Բացման արարողությանը ներկա էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Առաջին ալիքի ղեկավար անձնակազմը, Ակադեմիայի ուսանողները և դասախոսները:

Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն իր խոսքում նշեց.

«Կարևորելով որակյալ ու սահուն սերնդափոխությունը հայկական հեռուստատեսությունում՝ նախաձեռնեցինք Առաջին ալիքի Մեդիա Ակադեմիայի ստեղծումը: Այսօր խորհրդանշական օր է, քանի որ այս նախագիծը Հանրային հեռուստաընկերության հնգամյա զարգացման ծրագրի կարևոր բաղադրիչներից է: Մեր կողմից կատարված բարդ ընտրության արդյունքում դուք ընտրվեցիք որպես Մեդիա ակադեմիայի առաջին ուսանողներ, ուստի ձեր հաջողությամբ է նաև պայմանավորված այս ուսումնական հաստատության հաջողությունը: Բարի գալուստ Հանրային»:

Հանրային հեռուստաընկերությունը հունվարին հայտարարել էր ընդունելություն 3 մասնագիտություններով՝ լրագրություն, սպորտային լրագրություն և հաղորդավարական արվեստ: 3000-ից ավել ստացված հայտերից հարցազրուցի են հրավիրվել 725 դիմորդ, որոնցից կազմվել են 30 հոգանոց խմբեր՝ ըստ համապատասխան  մասնագիտությունների:

Մեդիա Ակադեմիայի ղեկավար Լենա Մինասյան.

«Մեր նպատակն է ուսանողների պոտենցիալը ծառայեցնել ի շահ մեր հեռուստադիտողի և իհարկե Առաջին ալիքի:  Նոր կադրերի աշխատասիրությանն ու հեռուստատեսային էներգիային կգումարենք մեր ավագ գործընկերների տարիների փորձը: Ակադեմիայի սաները հաղորդակից կլինեն հայկական հեռուստատեսության ավանդույթներին և ժամանակակից հեռուստատեսության միտումներին»:

Դասընթացները լինելու են անվճար և տևելու են 5 ամիս, որից հետո լավագույն դիմորդները աշխատանքի կանցնեն Առաջին ալիքում։ Մեդիա ակադեմիայում հեռուստատեսության ոլորտի  մասնագիտական հմտությունները սովորեցնելու են լավագույն մասնագետները: Դիմորդները ուսուցման ընթացքում կստանան Հանրային հեռուստաընկերությունում փորձաշրջան անցնելու, նկարահանումներին մասնակցելու, գործնական գիտելիքներ ձեռք բերելու և ուղիղ եթերներին մասնակից լինելու հնարավորություն: