Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանը չեղարկել է նահանգապետ Գեւին Նյուսոմի որոշումը, որը մերժել էր Համբիկ Սասունյանի վաղաժամկետ պայմանական ազատվելու իրավունքը եւ դիմումը, հայտնում է Asbarez-ը:
Չնայած 2019 թվականի դեկտեմբերին Սասունյանի օգտին Վաղաժամկետ պայմանական ազատման խորհրդի երաշխավորությանը, Նյուսոմը անցյալ տարվա մայիսին մերժել էր այս որոշումը եւ վաղաժամկետ պայմանական ազատումը՝ ընդարձակ որոշման մեջ հայտարարելով, որ չնայած ինքը ճանաչել է քայլերը, որոնք Սասունյանը ձեռնարկել է տասնամյակներ շարունակ, որ ռեաբիլիտացվի, ինքը չի կարծում, որ Սասունյանը պիտանի է ազատվելու համար:
Դատավորը որոշել է, որ Նյուսոմի որոշումը «կամայական է եւ ընթացակարգային առումով ոչ կատարյալ», եւ բավարարել է Սասունյանի փաստաբանի միջնորդությունը նահանգապետի որոշումը չեղարկելու մասին:
Դատարանը չեղարկել է Նյուսոմի որոշումը Սասունյանի վաղաժամկետ պայմանական ազատումը մերժելու մասին եւ վերականգնել Վաղաժամկետ պայմանական ազատման կալիֆոռնիական խորհրդի որոշումը Սասունյանին վաղաժամկետ ազատելու մասին:




























