Մարտի 1-ին հայտնի գրող, կինեմատոգրաֆիստ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիմ Նաումովիչ Բակշին կդառնար 90 տարեկան, սակայն նա կյանքից հեռացավ նախորդ տարվա մարտի 5-ին:

Բակշին ծնվել է 1931 թվականի մարտի 1-ին Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի պետական ​​համալսարանը: 1964 թվականից Կիմ Բակշին զբաղվում էր Հայաստանի հնագույն եւ ժամանակակից մշակույթի ուսումնասիրմամբ: Ուսումնասիրել է Երեւանի Մատենադարանում, Վենետիկում` Սան Լազարո կղզում, Վիեննայում` Մխիթարյան միաբանությունում, Բեյրութում` Կիլիկյան կաթողիկոսարանում, Սպահանում` Սուրբ Քրիստոս Փրկիչ տաճարում եւ հինավուրց այլ հավաքածուներում, աշխարհի ամենամեծ գրադարաններում պահվող ձեռագրերը:

Հանրությանը հայոց պատմությանը, մշակույթին, ժողովրդի հոգեւոր արժեքներին, նրա դարավոր ավանդույթներին, հոյակապ բնությանը, եզակի հուշարձաններին ծանոթացնելը նրա առաքելությունն էր դարձել:

Հայ-ռուսական բարեկամության եւ մշակութային կապերի ամրապնդման եւ զարգացման ուղղությամբ երկար տարիների արդյունավետ աշխատանքի համար Կիմ Բակշին պարգեւատրվել է Հայաստանի պետական ​​պարգեւով` Պատվո շքանշանով: Նա ՀՀ պետական ​​մրցանակի, Հայաստանի գրողների միության Հովհաննես Թումանյանի անվան մրցանակի` «Հայ ժողովրդի բարեկամ»-ի դափնեկիր է: Նա նաեւ պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով (2001` ՀՀ կառավարության մրցանակ), պարգեւատրվել է Ռուս-հայկական (Սլավոնական) պետական ​​համալսարանի «Պատվավոր շքանշանով» (2006) (Երկարամյա անձնազոհ լուսավորչական գործունեության, հին հայկական ձեռագրերի ուսումնասիրության բեղմնավոր աշխատանքի, հայ պատմության եւ մշակույթի մասսայականացման գործում հսկայական ներդրման համար): Բակշին Հատուկ հիմնադրամի (Վիեննա) Կարպիս Փափազյանի անվան մրցանակի (հայոց պատմությանը եւ մշակույթին նվիրված գրական գործունեության համար) դափնեկիր է: Ռուսաստանի հայերի միությունը Կիմ Բակշիին պարգեւատրել է Արծաթե խաչով, իսկ ավելի ուշ` Ոսկե խաչով:

Կիմ Բակշին իր կյանքի ավելի քան 50 տարին նվիրելէ հայկական մշակույթի եւ պատմության ուսումնասիրությանը: Նա 20 սերիայից բաղկացած «Մատենադարան» ֆիլմի սցենարի հեղինակն է, որը Հայաստանի պետական ​​մրցանակի է արժանացել: Հանգուցյալի վերջին ցանկության համաձայն` գրողի աճյունի մի մասն իր ապաստանն է գտել Գառնիում եւ Շուշիում, եւ դա Բակշիի` Հայաստանի հանդեպ սիրո եւս մեկ ապացույց է:

«Արցախի հոգեւոր գանձերը» վերջին գրքի ճակատագիրը

Ըստ հրապարակախոս եւ Կիմ Բակշիի ընկեր Սուրեն Սարգսյանի` «Արցախի հոգեւոր գանձերը» գիրքը ռուսերենով լույս էր տեսել 2012 թվականին, Իսկ 2015 թվականին` հայերեն տարբերակը: Բակշին, չնայած լուրջ հիվանդությանն ու վիրահատությանը, ավարտեց աշխատանքը: Գիրքը հրատարակվեց: Սակայն հայերեն տպաքանակի մի մասը մնաց չիրացված, ինչը հեղինակին շատ էր վշտեցնում:

Սարգսյանի խոսքով` Բակշին ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանին ուղղված նամակում հպարտությամբ հայտնում էր, որ նա 2006 թվականին («Գանձերը» գրելուց շատ առաջ) հայկական անձնագիր էր ստացել Ռոբերտ Քոչարյանի ձեռքից: Ավելի ուշ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Պատվո շքանշան հանձնեց գրողին: Տպաքանակի մի մասը  վարչապետ Կ. Կարապետյանի հրամանով եւ նախարարների (Հասմիկ Պողոսյան, Լեւոն Մկրտչյան, Դավիթ Լոքյան, Հրանուշ Հակոբյան) ջանքերով  գնվեց հիմնականում գրադարանային ֆոնդի համար: Բայց ամեն ինչ այդքան հարթ չէր դասավորվում;

Այդպես, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը սկզբում 54 գիրք էր պատվիրել, սակայն մինչ այժմ 30-ից ավելին չի ուղարկվել դեսպանություններ եւ, իհարկե, մնացել է չիրացված: Գիրքն առանց ուշադրության է թողել նաեւ Երեւանի քաղաքապետարանը` չնայած ենթադրվում էր, որ այն կուղարկվի դպրոցներ:

Մահից քիչ առաջ Բակշին տպաքանակի մնացած մասը իրացնելու խնդրանքով դիմել էր Ն. Փաշինյանին, սակայն` ապարդյուն, նրա դիմումն անտեսվեց:
«Այսօր` Բակշիի 90-ամյակի եւ մահվան տարելիցի օրը, ավաղ, արձանագրում ենք, որ Արցախի գանձերի մասին շուրջ 360 շքեղ հրատարակված գիրք մնում է չվաճառված: Վերջին պատերազմից հետո Բակշիի տեսածի եւ նկարագրածի մի մասը (Քարվաճառ, Շուշի, Հադրութ, Տիգրանակերտ եւ այլն) հայտնվել է վանդալների ձեռքում: Ադրբեջանցիներն ավանդաբար կխեղեն, կսրբեն երկրի երեսից այն ամենը, ինչը հազարամյա հայկակայն հետք է կրում Արցախի հողում: Հաշվի առնելով այս վտանգը` Բակշիի գիրքն արդեն մասունք է դառնում, որը պահպանել է բազմաթիվ հայկական ձեռագրերի եւ տաճարների գեղեցիկ պատկերները: Եվ այդ պատճառով էլ այն պետք է տարածել, ավելին` հրատարակել լրացուցիչ տպաքանակով: Իսկ մենք մինչեւ հիմա դեռ չենք իրացրել մնացած հայկական օրինակները: Իսկ այդ դեպքում ինչի՞ համար էր մեր ընկերը` Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացի Կիմ Բակշին, չնայած ծանր հիվանդությանը, գրել գիրքը: Որպեսզի նրա մահվան տարելիցին տպաքանակի մի մասը չպահանջվա՞ծ մնա»:

Կիմ Բակշիի աճյունը մնացել է գրավված Շուշիում

Ինչպես հայտնի է, հանգուցյալի կամքով նրա աճյունի մի մասը թաղվել է Գառնիում եւ Շուշիում: 2019 թվականի հոկտեմբերի 5-ին Շուշիում կայացած արարողությանը Ռուսաստանի հայերի միության մեծ պատվիրակություն էր մասնակցում: Այժմ քաղաքը հանձնվել է նրանց, ով ոչնչացնում է հայերի հետ կապված ամեն ինչ, իսկ Արցախ ժամանողներին «սեւ ցուցակների» մեջ են ավելացնում: «Պատերազմի ավարտից հետո ՌՀՄ-ի նախագահ Արա Աբրահամյանը դիմեց Ռուսաստանի Նախագահ Վ.Վ. Պուտինին` խնդրելով օգնել գրողի աճյունի վերաթաղման գործում: Թե ինչպես իրադարձությունները կսարգանան ապագայում, հայտնի չէ: Լավատեսներին կթվա, որ քանի որ Կ. Բակշին Ռուսաստանի քաղաքացի էր, նրա աճյունին չեն դիպչի: Իրատեսները, մատնանշելով նրա Հայաստանի քաղաքացիությունը, կկարծեն, որ եթե ադրբեջանցիները մինչեւ հիմա չեն հասել Բակշիին, ապա դա միայն ժամանակի հարց է»,- ասաց Բակշիի ընկերը: