Իտալիայի հյուսիսում Լոմբարիդիա նահանգի Բրեշիա քաղաքում հայտնաբերվել է կորոնավիրուսի «նիգերիական» շտամ: Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով Վիրուսաբանների իտալական միության նախագահ, միկրոկենսաբանական լաբորատորիայի տնօրեն Առնալդո Կարուզոյին:

Մասնագետի խոսքով՝ այս շտամին բնորոշ են մուտացիաներ, որոնց դեմ այսօր գոյություն ունեցող պատվաստանյութերը կարող են արդյունավետ չլինել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Կարուզոն այլ մանրամասներ չի հայտնել կորոնավիրուսի հայտնաբերված տարատեսակի առանձնահատկությունների մասին:

Նիգերիայում կորոնավիրուսի նոր շտամի ի հայտ գալու մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի վերջին: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման աֆրիկյան կենտրոնի (CDC) տեղեկություններով՝ նոր տարբերակը հայտնաբերվել է Նիգերիայի Օսուն նահանգում երկու պացիենտից վերցված նմուշները հետազոտելիս:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի կեսին Մեծ Բրիտանիայում հայտնաբերել էին կորոնավիրուսի VUI-202012/01 մուտացիան: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ այն սկզբնական վիրուսից ավելի արագ է տարածվում 56-70 տոկոսով: Ենթադրություններ էին հայտնում նաեւ, որ այս շտամը ավելի հաճախ է բերում պացիենտի մահվան: