Աֆրիկայի երկրներում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 3 967 202՝ վերջին երկու օրում ավելանալով 23 263-ով: Այս մասին հայտնել է տեղական SABC ռադիոկայանը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչության տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Տարածաշրջանում վերջին երկու օրում կորոնավիրուսով վարակվածների շրջանում մահվան դեպքերի թիվն աճել է 536-ով՝ հասնելով մինչեւ 105 743-ի: Ապաքինվել է 3,5 մլն մարդ:
Ամենամեծ թվով վարակվածներ եւ մահացածներ հայտնաբերվել են ՀԱՀ-ում համապատասխանաբար՝ 1 521 068 եւ 50 678: Եգիպտոսում գրանցել են մահվան 10 995 դեպք, վարակման՝ 186 503: Մարոկկոյում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 8 682 մարդ:
Սահարայից հարավ գտնվող երկրներում ըստ վարակվածների եւ մահացածների թվի՝ ՀԱՀ-ին հաջորդում են Եթովպիան (համապատասխանաբար՝ 166 138 եւ 2 429), Նիգերիան (158 506 եւ 1 969) եւ Քենիան (108 827 եւ 1 876):





























