«Էկոտոմատո» ընկերությունը նախատեսում է ՀՀ Կոտայքի մարզում, Գողթ գյուղի վարչական տարածքում հիմնել Ա կարգի վարդերի ջերմոցային տնտեսություն: Այդ մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը: Ջերմոցի ընդհանուր տարածքը կազմում է մոտ 3 հա, իսկ արտադրության համար նախատեսված բերքատու տարածքը` 2 հա, որը հագեցած կլինի այդ բնագավառում հայտնի հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաներով` ալյումինից եւ հատուկ ապակուց կառուցվող ջերմոց, ասիմիլացիոն լուսատու համակարգ, որակի ու միկրոկլիմայի վերահսկողության ավտոմատ համակարգեր եւ այլն:

Ըստ կանխատեսումների` ջերմոցային տնտեսության աշխատանքների մեկնարկը նախատեսվում է սկսել մինչեւ 2012թ. 1-ին եռամսյակ, իսկ արտադրված ամբողջ արտադրանքը կարտահանվի Ռուսաստան:

Ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել մոտ 2 մլրդ ՀՀ դրամ չափով, որը ամբողջությամբ ուղղվելու է սարքավորումների ձեռքբերմանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել առնվազն 27 աշխատատեղ, որից ավելի քան երեք քառորդը կլինեն կանայք` ապահովելով վերջինների մոտ 100 հազ ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Էկոնոմիկայի նախարարության առաջարկով կառավարությունը կքննարկի սարքավորումների համար ավելացված արժեքի հարկի տարկետում տրամադրելու հարցը, որը ներառվել է կառավարության հունիսի 23-ի նիստերի օրակարգ: