Կրետեի տեխնոլոգիական ինստիտուտից լեզվաբան, հնագետ եւ Erasmus ծրագրի համակարգող Գարեթ Օուենսը ներկայացրել է նոր ուսումնասիրություն, որը, նրա կարծիքով, թույլ է տալիս 99 տոկոսով լուծել հին հունական Ֆեստոսի սկավառակի առեղծվածը: Այս մասին հայտնում է Planet Today-ը:
Գարեթ Օուենսը 30 տարի է ծախսել՝ փորձելով պարզել պատմության ամենախորհրդավոր արտեֆակտներից մեկի գաղտնիքը:
Ֆեստոսի սկավառակը հայտնաբերվել է Կրետե կղզու Ֆեստոսի պալատի փլատակներում՝ 1908 թվականին: Այժմ այն պահվում է տեղի հնագիտական թանգարանում եւ հանդիսանում է դրա հիմնական ցուցանմուշներից մեկը: Արտեֆակտը պատրաստված է կավից: Մինչ այժմ հնարավոր է եղել միայն մոտավորապես թվագրել այն: Փորձագետները կարծում են, որ այն պատրաստվել է մ.թ.ա. երկրորդ հազարամյակում:
Վերջին տասնամյակների ընթացքում փորձագետներին չի հաջողվել վերծանել սկավառակի վրայի տեքստերը: Նշանները չեն պատկանում գիտությանը հայտնի այբուբեններից ոչ մեկին: Գարեթ Օուենսն ընդգծել է, որ ինքը դարի հանելուկը կարողացել է լուծել՝ սկավառակի վրա եղած նշանները աշխարհի այլ լեզուների հետ համեմատելու մեթոդի օգնությամբ: Պարզվել է, որ արտեֆակտը պարունակում է աստվածուհիների մասին երկու տեքստի գրառումներ: Մեկի անունը պարզել չի հաջողվել, բայց հայտնի է, որ նա երեխայի է սպասում: Երկրորդ աստվածուհին Աստարտան է՝ սիրո հովանավորը:





























