Ուկրաինայում Հայաստանի նորանշանակ դեսպան Անդրանիկ Մանուկյանը մայիսի 26-ին իր հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ժամանակ կողմերը քննարկել են հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցեր: Նշվել է երկու երկրների քաղաքական ղեկավարների պատրաստակամությունը հարաբերությունները որակական նոր մակարդակով կառուցելու, փոխշահավետ բազմակողմանի համագործակցություն ծավալելու ուղղությամբ:
Առանձնակի կարևորվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների կտրուկ ավելացման, առկա հնարավորությունների առավել արդյունավետ և նպատակային օգտագործման հարցերը:
Ջերմ մթնոլորտում անցած զրույցի ժամանակ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


























