«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի գլխավոր խնդիրը մնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ անվտանգության երաշխիքները։ Քանի դեռ այդ երկու հարցերը չեն լուծվել, խնդրի այլ ասպեկտներ չեն կարող քննարկվել», մայիսի 27-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
Նա նշել է, որ «Մադրիդյան սկզբունքների» շրջանակներում քննարկվում են հակամարտությունների կարգավորման երեք հիմնական միջազգային բաղադրիչներ՝ ազգերի ինքնորոշման, պետությունների տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքները։
«Սակայն գլխավոր խնդիրը մնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման հարրցը»,-կրկին նշեց Շավարշ Քոչարյանը։ Անդրադառնալով մեր կողմից ազատագրված տարածքների հանձման մասին լուրերին, նա ասաց, որ եթե Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ, որոշակի տարածքային նկրտումներ ունի, ապա Հայաստանն էլ կպահանջի Ադրբեջանինց վերադարձնել Լեռնային Ղարաբաղի գրավված տարածքները. «Այնպես որ այդ խնդիրները բանակցությունների սեղանի շուրջ պետք է լուծեն Ստեփանակերտը եւ Բաքուն»,- նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը քննում է Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հարցը։ Նա նաեւ նշել է, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքային նկրտումների թիրախ չի կարող լինել, քանի որ հակամարտությունն ի սկզբանե սկսվել է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ։
«Հայաստանը չի կարող եւ իրավունք էլ չունի լուծել ինչ-որ տարածքների վերադարձման հարցը, եւ այդ հարցը ներկայումս չի էլ քննարկվում բանակցային գործընթացում»,-հավաստիացրել է Քոչարյանը։ Փոխարտգործնախարարը նաեւ հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայիս ստատուս քվո չպետք է փոխվի։



























