Ադրբեջանը 1992թ. ճանաչել է Լեռնային Ղարաբաղը՝ որպես ինքնուրույն սուբյեկտ, նրա հետ հրադադարի մասին պայմանագիր ստորագրելով, Ազգային Ժողովում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին Ադրբեջանի ակտիվ քարոզչական գործունեության մասին հայկական կողմի համեմատական պասիվության ֆոնին, Քոչարյանը փորձել է արտաքին քաղաքական գերատեսչության թերացումների ողջ մեղքը բարդել հայկական ԶԼՄ-ների վրա՝ հայտարարելով, թե նրանք զգալիորեն զիջում են ադրբեջանական լրատվամիջոցներին իրենց արհեստավարժությամբ: Պատգամավորները, սակայն, խորհուրդ են տվել իրենց թերացումները ԶԼՄ-ների վրա չբարդել նրա համար, որ քաղաքական շատ գործիչներ չեն տիրապետում ղարաբաղյան հակամարտության պաշտոնական տերմինաբանությանը եւ հաճախ օգտագործում են ադրբեջանական կողմի հասկացությունները. «օկուպացված տարածք» «տարածքային հակամարտություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ» եւ այլն: Քոչարյանը ստիպված էր ընդունել, որ ադրբեջանական քարոզչությունն ավելի ակտիվ է գործում:

Քոչարյանը հայտարարել է նաեւ, ե Ադրբեջանը արտաքին եւ ներքին քաղաքականություն չունի, այլ միայն քարոզչություն է, եւ քաղաքականության այդ երկու բաղադրիչները հիմնված են հենց քարոզչության վրա: