Այս տարի մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման տարեդարձի օրը, լրանում է նաեւ առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Արամ Մանուկյանի ծննդյան 130-ամյակը: Այս կապակցությամբ «Միտք» վերլուծական կենտրոնը նախաձեռնել է «Արամ Մանուկյանի հետ՝ գինու սեղանի շուրջ» տոնական հանդիպումը, որը տեղի է ունեցել Արամ Մանուկյանի տան առջեւ (Արամի 9):

Հանդիպմանը ներկա են եղել քաղաքական եւ հասարակական գործիչներ։ «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը նշել է, թե կարեւոր են համարում, որ ներկա սերնդի մեջ արմատավորվի պետականամետության եւ հայրենասիրության գիտակցությունը, ինչի համար առաջին հերթին պետք է վերարժեւորել Հայաստանի առաջին հանրապետության գործիչներին։

«Կարծում եմ, որ մեծ բաց ունենք այսօր, քանի որ մեզ մոտ առկա է այն գիտակցությունը, թե մենք անընդհատ պետք է խաբենք պետությանը, այն աչքով չնայենք պետությանը, քանի որ դա մեզ մոտ արմատացել է դարերով։

Մենք դարերով ապրել ենք օտարի լծի տակ՝ Օսմանյան կայսրության, պարսկական շահի կամ ռուսական ցարի թագավորության ներքո, եւ մենք սովորել ենք, որ պետք է խաբենք ու չենթարկվենք մեզ համար օտար պետությանը։ Այսօր ժամանակն է հասկանալու, որ մեր պետության ղեկին նստած են մեր կողմից ընտրված հայազգի անձնավորություններ, եւ մենք սիրելով մեր պետությունը՝ մեր անվտանգությունն ենք ապահովում»,-նշել է Վ. Սարգսյանը՝ հավելելով, որ իրենց հավաստի տեղեկությունների համաձայն՝ շենքը, որտեղ ապրել է Արամ Մանուկյանը, անմխիթար վիճակում չի մնալու։ Այն գնվել է սփյուռքահայ բարերարների կողմից եւ շուտով վերածվելու է Արամ Մանուկյանի տուն թանգարանի։