Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանը իր փաստաբանների հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ մայիսի 31-ից հետո ինքը դուրս է գալիս քրդական հարցի լուծման նախաձեռնությունից, քանի որ չի գտել խնդրով հետաքրքրվող կողմին: Խոսքը վերաբերում է նրան, որ Օջալանը քրդական հարցի լուծման ճանապարհային քարտեզ էր առաջարկել թուրքական իշխանություններին:

Firat գործակալության փոխանցմամբ` Օջալանը անդրադարձել է վերջին շրջանում քրդական խնդրի հետ կապված իրադարձություններին` մեղադրելով Իրանին եւ Թուրքիային քրդերի ցեղասպանություն կազմակերպելու մեջ: Օջալանը նշել է, որ եթե Գերմանիան դարասկզբին չաջակցեր Օսմանյան Թուրքիային, Հայոց ցեղասպանությունը տեղի չէր ունենա, եւ ավելացրել. «Այժմ էլ Թուրքիան, Իրանի հետ համագործակցելով, աշխատում է իրականացնել քրդերի ֆիզիկական եւ մշակույթային ցեղասպանություն: Մի՞թե մայրենի լեզուն արգելելը մշակությային ցեղասպանություն չէ»:

Աբդուլլահ Օջալանի խոսքով` ինքը մայիսի 31-ից հետո դուրս է գալու քրդական հարցի լուծման նախաձեռնությունից, քանի որ չի գտել խնդրով հետաքրքրվող կողմին, սակայն նման կողմի հայտնվելու պարագայում` կրկին պատրաստ կլինի բանակցել: «Այսուհետ քրդական հարցում պատասխանատվությունն ընկնում է թուրքական պետության եւ նույնիսկ քրդական „Խաղաղություն եւ ժողովրդավարություն“ կուսակցության ուսերին»,-նշել է Օջալանը: