Առաջին հանրապետության օրը՝ մայիսի 28-ը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ու նրա ընտանիքի անդամները ամեն տարի նշել են նույն խանդավառությամբ ու ոգեւորությամբ, ինչպես որ Նոր տարին, Սուրբ ծնունդն ու մյուս տոները։ Այս մասին ասել է ինքը՝ Արամ Սարգսյանը, երբ NEWS.am-ի թղթակիցը փորձել է պարզել՝ ի՞նչ խորհուրդ ունի նրա համար մայիսի 28-ը։ «Եղբայրս՝ Վազգենը, այդ օրը միշտ աշխատում էր տուն գալ, եւ դա լինում էր երեկոյան ժամերին՝ պետական միջոցառումներից հետո։ Ողջ ընտանիքով հավաքվում էինք ու տոնը նշում էինք այնպես, ինչպես Նոր տարին ու Զատիկն էիք նշում։ Նաեւ որոշակի առումով քաղաքական բնույթ է կրել, երբ հավաքվել են մեր ընկերներն ու այդ օրը քաղաքական հարցեր էլ ենք քննարկել։ Այժմ էլ նորից հավաքվում ու նշում ենք, բայց ավելի շատ եղբորս հետ կապված հիշողություններ են այդ օրը գերիշխում»,-ասել է Ա. Սարգսյանը։
NEWS.am-ի հարցին՝ տոնի խորհուրդն ինչպե՞ս է ընկալվում Երրորդ հանրապետության քաղաքացիների ու իշխանավորների կողմից, «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը պատասխանել է. «Իմ կարծիքով, օրվա խորհրդի գիտակցումը ավելի շատ իշխանավորների մոտ է, քան ժողովրդի։ Ես կուզենայի, որ լիներ հակառակը՝ տոնը դառնար ժողովրդինը, ոչ թե իշխանավորներինը։ Իշխանավորներն իրենց պարտականություններից ելնելով պարտավոր են հիշել տոնը՝ թեկուզ պրոտոկոլային մակարդակով, որին հաջորդում է ուտել-խմելու արարողությունը։ Արժի էլ այդ օրը ուտել-խմել»: Իսկ անձամբ Արամ Սարգսյանի համար մայիսի 28-ն այն օրն է, որը մեծ նշանակություն է ունեցել այսօրվա՝ երրորդ հանրապետության կայացման հարցում։ «Եւ երեք հանրապետությունների հիմնադիրներից էլ պետք է շնորհակալ լինենք ու հիշենք այդ մարդկանց»,-ասել է Սարգսյանը։ Նա նաեւ հետեւյալ մաղթանքներն է ուղղել Հայաստանի քաղաքացիներին. «Ուժ ու կորով եմ մաղթում։ Ինքս էլ անձամբ պայքարում եմ, որ իմ երկրում հաղթի արդարությունը, իմ երկրի քաղաքացին ապրի արժանապատիվ, հավասար պայմաններում, ժողովրդավար երկրում, մի երկիր, որտեղ քաղաքացին գնահատվում է, նրա ձայնի հետ հաշվի են նստում։ Մաղթում եմ նաեւ, որ իմ երկրի քաղաքացիներն իրենց բախտը չորոնեն հայրենիքից դուրս՝ օտար երկրներում»:


























