Մայիսի 28-ին, Հանրապետության օրվա առիթով Գարեգին Բ կաթողիկոսը` թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելել է Սարդարապատի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու հանուն Հայոց անկախ պետականության զոհված բազում հայորդիների անմահ հիշատակին:

Հուշահամալիրում Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակներ են դրել, ապա կաթողիկոսն աղոթք է կատարել մայիսյան հերոսամարտերին զոհված հայորդիների հոգիների հանգստության համար:

Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ կատարվել է հայրապետական մաղթանք, որի ընթացքում եկեղեցականաց դասը եւ բարեպաշտ հավատացյալները աղոթք են վերառաքել առ Բարձրյալն Աստված` աշխարհի խաղաղության եւ Հայոց պետականության ամրության ու անսասանության համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր աթոռից: