Թուրքական գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նորընտիր նախագահի հայտնությունը դժվար դրության մեջ է դրել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, որի վարկանիշը սկսել է արագ անկում ապրել:

Սեռական կապի վերաբերյալ ինտերնետում հայտնված տեսագրության պատճառով կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրած Դենիզ Բայկալից հետո մայիսի 22-ին «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նոր նախագահ ընտրվեց Քեմալ Քըլըչդարօղլուն, ում գալուստը մեծ արձագանք գտավ թուրքական հասարակության մեջ:

Մայիսի 28-ին թուրքական CNNturk-ի ուղիղ եթերում SONAR հետազոտական-վերլուծական ընկերության նախագահ Հաքան Բայրաքչըն հայտնել է, որ իրենք իրականացրել են կուսակցությունների վարկանիշային սոցհարցում, որի նախնական տվյալները ցույց են տալիս, թե ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը մի քանի խոշոր քաղաքներում առաջ է անցել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից: Հաքան Բայրաքչըի խոսքով` նոր ղեկավարով «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը սկսել է ձայներ տանել ոչ միայն իշխող, այլեւ ընդդիմադիր «Ազգայանական շարժում» կուսակցությունից: «Սոցհարցման ճշգրիտ պատկերը կներկայացվի մայիսի 29-ին, երբ բոլոր աշխատանքները ավարտված կլինեն»,- եթերում ամփոփել է SONAR հետազոտական-վերլուծական ընկերության նախագահը:

Նշենք, որ ներկայիս թուրքական խորհրդարանում Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում»-ը ունի 47, իսկ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը` 23 տոկոս: