Մեկ շաբաթից կլրանա Մերձդնեստրում լրտեսության եւ հայրենիքի դավաճանության մեջ կասկածվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի կալանքի երկու ամիսը, սակայն նախկինի նման լրագրողի հետագա ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ։

«Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայության հետ զրույցում Էռնեստի կինը՝ Իրինա Վարդանյանը, ասել է, որ պարզ չէ՝ արդյոք նախաքննական մարմինը կդիմի՞ Էռնեստի կալանքը երկարաձգելու պահանջով, թե ոչ։

Ընտանիքի անդամների հետ վերջին անգամ Էռնեստին թույլատրել են հանդիպել մայիսի 11-ին՝ նրա ծննդյան օրը: Այդ նույն օրը Մերձդնեստրի հատուկ ծառայությունները տարածել էին նաեւ Էռնեստ Վարդանյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որտեղ նա խոստովանում էր, որ մոլդովական իշխանությունների պատվերով Մերձդնեստրում լրտեսություն է արել: Իրինան համոզված է՝ ամուսինը այդ քայլով ցանկացել է պաշտպանել հարազատներին:

Էռնեստ Վարդանյանի կինն ասում է,որ քննչական մարմինը պնդում է, թե ամեն ինչ կարգին է նրա հետ, սակայն Իրինան համոզված է՝ «ամենապակասը նրա հոգեբանական իրավիճակը կարգին չէ, նրա մոտ անընդհատ տրամադրության փոփոխություն է նկատվում, գլխում անընդհատ վատ մտքեր են պտտվում»:

Կալանավորված լրագրողի ընտանիքը Էռնեստին ազատ արձակելու խնդրանքով բաց նամակ էր հղել Մեծ ութնյակի երկրների ղեկավարներին՝ նշելով, թե «լրագրողի ձերբակալությունը կատարվել է շինծու մեղադրանքով»:

Նշենք, որ Էռնեստ Վարդանյանը ձերբակալվել էր ապրիլի 7-ին, եւ նրան մեղադրանք է առաջադրվել իբրեւ թե Մոլդովայի օգտին լրտեսություն կատարելու համար: Հայազգի լրագրողին մինչեւ 20 տարի ազատազրկում է սպառնում: