Իշխանության գալուց հետո արդյո՞ք չեք ցանկացել հետ վերադարձնել Վանո Սիրադեղյանին, ճի՞շտ է, որ իշխանության գալուց հետո պայմաններ եք առաջ քաշել՝ այդ թվում 1990-ականների դեպքերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, եւ ինչու նրա աճյունը մահվանից մեկ ամիս անց դեռ Հայաստանում չէ: Արձագանքելով հարցին՝ առցանց ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ չէր կարող այդպիսի բան լինել, որ ինքն ինչ-որ պայման առաջ քաշեր:
«Վանո Սիրադեղյանի հետ այդ վերջին հարցազրույցից հետո ես նրա հետ որեւէ հաղորդակցություն չեմ ունեցել: Ինքս իմ մեջ մտածել եմ, չեմ կարող ասել՝ երբեւէ արտահայտվել եմ, թե ոչ, որպես մարդ, որը նաեւ ընդհատակում է եղել եւ հանձնվել է իրավապահներին, համարել եմ, որ 2018թ-ից հետո կարող էր նման քայլ լինել, որովհետեւ օբյեկտիվ պայմաններ կարող էին գոյություն ունենալ: Այո, Վանո Սիրադեղյանին ճանաչել եմ, անձնական հարաբերություններ եմ ունեցել, «Հայկական ժամանակ»-ում «Ավետիս Հարությունյան» անունով երկար ժամանակ տպվել է, նաեւ հարցազրույց եմ արել: Բայց վարչապետի կարգավիճակում երբեւէ աշխատում եմ անձնական համակրանքներն ու հակակրանքները պետական մակարդակի որոշումների հիմքում չդնել, պետք է հավասարակշռված լինել»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին՝ ինչու՞ մահվանից մեկ ամիս անց Վանո Սիրադեղյանի աճյունը դեռ չի տեղափոխվել Հայաստան, Փաշինյանը նկատեց՝ կառավարական հանձնաժողով է ձեւավորված, որը կկայացնի որոշումներ. «Կարծում եմ՝ հանձնաժողովը որոշումներ կկայացնի, եւ նրա աճյունն առաջիկայում կտեղափոխվի Հայաստան»:





























