Հարվարդի համալսարանի մի քանի ուսանողուհիներ դատական հայց են ներկայացրել ուսումնական հաստատության դեմ՝ ղեկավարությանը մեղադրելով դասախոսներից մեկի կողմից իրենց նկատմամբ սեռական ոտնձգությունների փաստն անտեսելու մեջ, հայտնում է Reuters-ը։

Մասաչուսեթս նահանգի Բոստոնի դաշնային դատարան ներկայացված բողոքում հայցվորները ընդգծում են, որ դասախոս Ջոն Կոմարոֆը սպառնացել է աշխատանքի տեղավորման հետ կապված խնդիրներով, եթե իրենք բարձրաձայնեն նրա գործողությունների մասին: Համալսարանը, նրանց կարծիքով, անմիջապես համապատասխան միջոցներ չի ձեռնարկել այդ դասախոսի նկատմամբ, ինչը Կոմարոֆին թույլ է տվել շարունակել իր բռնությունները։

Ուսումնական հաստատության ղեկավարությունը հրաժարվել է մեկնաբանել այս միջադեպը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Կոմարոֆը հունվարին հարկադիր արձակուրդ է ուղարկվել՝ սեռական ոտնձգությունների վերաբերյալ համալսարանի քաղաքականությունը խախտելու համար։ Նրա փաստաբանները հերքում են ուսանողների նկատմամբ ոտնձգությունների կամ բռնությունների մեղադրանքները: