Հայաստանում Բեռալուսի դեսպանատան առջեւ այսօր` սեպտեմբերի 5-ին, Հելսինկյան ասոցիացիան կազմակերպել է բողոքի ակցիա` ի պաշտպանություն «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ալես Բելյացկիի (ֆոտոռեպորտաժ): Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել իրենց գործընկերոջը եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել: Ակցիայի ժամանակ Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանը ստորագրությունները եւ նամակը հանձնեցին Բելառուսի դեսպանատան առաջին քարտուղարին: Միքայել Դանիելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք հուսով են, որ խաղաղ ակցիաների միջոցով կհասնան հաջողության եւ Ալես Բելյացկիին կտեսնեն ազատության մեջ:

Նշենք, որ լրացել է «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ալես Բելյացկիի ձերբակալման մեկ ամիսը: Բելառուսի իշխանությունները նրան ձերբակալել են ակնհայտ քաղաքական շարժառիթներով՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: Իրավապաշտպանին սպառնում է 7 տարվա ազատազրկում:

ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարը, միջազգային կազմակերպությունները, հասարակական կազմակերպություններ եւ առաջատար երկրների կառավարություններն իրենց մտահոգությունն են հայտնել Ալես Բելյացկիի նկատմամբ իրականացվող հետապնդումների վերաբերյալ եւ նրա ձերբակալության քայլը գնահատել են իբրեւ իշխանությունների վրեժը Բելյացկիի իրավապաշտպան գործունեության համար եւ քաղաքացիական հասարակությանը վախեցնելու փորձ: Նրանք պահանջել են անհապաղ ազատ արձակել իրավապաշտպանին:

Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը Բելյացկիին ճանաչել է խղճի գերի: Բելյացկիի գործի մասին տեղեկատվությունը հասանելի է ԱՅՍՏԵՂ:

Ի դեպ, ակցիաներն` ի պաշտպանություն Ալես Բելյացկիի, միաժամանակ կկազմակերպվեն մի շարք երկրներում՝ Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Ղրղըզստանում:

Աշխարհի տարբեր երկրներից այսօր 900 հոգի ստորագրությամբ դիմելու են` փոխելու նրա խափանման միջոցը եւ երաշխավորելու, որ նա չի խուսափի քննությունից