Մենակությունը եւ երջանկության պակասն արագացնում են ծերացումը, պարզել են Սթենֆորդի համալսարանի գիտնականները եւ երկարակեցությամբ եւ կյանքի արդյունավետ շրջանի երկարացմամբ զբաղվող Deep Longetivity ընկերության մասնագետները։ Այս մասին նրանք պատմել են Aging ամսագրի հոդվածում։
Գիտնականներն ուսումնասիրել են 45 տարեկանից բարձր մարդկանց առողջության չինական հետազոտության տվյալները։ Նրանք օգտագործել են 4 451 հարցման ենթարկված մարդկանց մասին տեղեկությունները, ներառյալ նրանց հոգեբանական վիճակը։ Մասնակիցները տեղեկացրել են, թե որքան հաճախ է ինչ-որ բան անհանգստացրել իրենց, որքան երջանիկ են զգացել իրենց, հակված են արդյոք անհանգիստ քնի, արդյոք դեպրեսիա ունեն եւ արդյոք իրենց մենակ են զգում։
Այս տվյալները համադրելով արյան բիոմարկերների եւ կենսաչափական բնութագրիչների հետ, ներառյալ երիկամների ֆունկցիայի ցուցանիշները, արյան ճնշումը, մարմնի զանգվածի ինդեքսը եւ շնչառական ֆունկցիաների չափման արդյունքները, գիտնականները հաշվարկել են, որ մենակությունը, երջանկության պակասը եւ հոգեբանական այլ գործոններ մեծացնում են կենսաբանական տարիքը միջինը 1,65 տարով։ Ծխելը, համեմատության համար, ավելացրել է ընդամենը 1,25 տարի։ Ամուսիններ ունեցող մարդիկ մոտ կես տարով ավելի «երիտասարդ» են եղել։
«Մարդու հոգեկան առողջությունը երկարակեցության անքակտելի մասն է։ Եթե դուք ձեր հոգեկան հարմարավետության մասին հոգ չտանեք, դուք կկրճատեք ձեր կյանքի տեւողությունը նույնքան ուժեղ եւ անգամ ավելի շատ, եթե ծխել սկսեիք»,- նշել են հետազոտության հեղինակները։
Հետագա հետազոտություններում հեղինակները նախատեսում են պարզել, թե իչնպես կարող են հոգեբանական բարեկեցության փոփոխություններն ազդել օրգանիզմի ծերացման տեմպերի վրա։ Նրանք հույս ունեն, որ դա թույլ կտա նաեւ հասկանալ, թե որքանով են որոշակի վիճակները կամ հույզերն արագացնում ծերացումը։





























