Բրազիլիայի կենտրոնական բանկը ծրագրում է թվային արժույթ թողարկել 2024 թվականին, ասել է բանկի նախագահ Ռոբերտո Կամպոս Նետոն՝ հավելելով, որ նախագիծը գրավել է միջազգային ուշադրությունը, հաղորդում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ կենտրոնական բանկի թվային արժույթի դիզայնը կխրախուսի բանկերին թոքենացնել իրենց ակտիվները՝ զգալիորեն բարձրացնելով արդյունավետությունը: «Եթե թվային արժույթն իրականում թոքենացված ավանդ է, այն ժառանգում է բոլոր կանոնները, որոնք արդեն կիրառվում են ավանդների հանդեպ»,- ասել է նա՝ հավելելով, որ դա չպետք է խախտի դրամավարկային քաղաքականությունը կամ վնասի բանկերի հաշվեկշռին։
Կամպոս Նետոն նշել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչները դիմել են կենտրոնական բանկին եւ հայտարարել, որ այս մոդելն ամենահեշտ իրագործելին է թվում, եւ մյուս կենտրոնական բանկերը պետք է ուսումնասիրեն այն։ «Ի վերջո, մենք նույնիսկ շոյված էինք, որ ստեղծել ենք մի համակարգ, որի մասին այժմ մտածում են այլ կենտրոնական բանկերը»,- ասել է նա:
Կամպոս Նետոյի խոսքով՝ ավանդների թոքենացումը պետք է նաեւ բարելավի բանկերի հաշվարկային, աուդիտորական եւ ֆինանսական ծախսերը:




























