Կլիմայի փոփոխությունը 2023 թվականին կխորացնի հումանիտար ճգնաժամերն ամբողջ աշխարհում՝ սաստկացնելով զինված հակամարտությունների եւ տնտեսական անկման հետեւանքով առաջացած մարտահրավերները։ Այս մասին ասվում է Փրկության միջազգային կոմիտեի (IRC) ուսումնասիրության մեջ։
Հումանիտար օգնության կարիք ունեցող մարդկանց թիվը վերջին տասնամյակում կտրուկ աճել է հասնելով 339,2 միլիոնի՝ 2014 թվականի 81 միլիոնի համեմատ։
IRC-ը նշել է, որ կլիմայի փոփոխությունն այն գլխավոր գործոններից է, որը խորացնում է հումանիտար արտակարգ իրավիճակները՝ չնայած նրան, որ կոմիտեի արտակարգ իրավիճակների դիտարկման ցուցակում ընդգրկված 20 երկրները, ինչպիսիք են Հայիթին եւ Աֆղանստանը CO2-ի համաշխարհային արտանետումներում ընդամենը 2 տոկոս են կազմում։
«2022-ը ցույց է տվել, որ համաշխարհային ճգնաժամի խորացման մեջ կլիմայի փոփոխության դերը անվիճելի է», — ասվում է զեկույցում։
Նշվում է անձրեւների ռեկորդային երակարատեւ շրջանների մասին, որոնք «Սոմալիում եւ Եթովպիայում սննդի աղետալի պակասի» են հանգեցրել եւ Պակիստանում հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձել:
IRC-ը նշել է նաեւ, որ անհրաժեշտ է «ավելի ակտիվ ներդրումներ կատարել կլիմայի փոփոխության կանխարգելման եւ դրա հետեւանքների մեղմացման ուղղությամբ»:
Մինչդեռ պարենային անվտանգության բացակայությունն արդեն տարածված է Ուկրաինայի հակամարտության, ինչպես նաեւ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամի խորացման պատճառով։
«2023 Արտակարգ իրավիճակների ցանկ» վերնագրված ուսումնասիրությունը նաեւ ընդգծում է, որ այն մարդկանց թիվը, ովքեր հարկադրված են լքել իրենց տները, այսօր հասել է ավելի քան 100 միլիոնի՝ 2014 թվականի 60 միլիոնի փոխարեն։




























