Նվերը, որը ոստիկանության լեհ հրամանատարը ստացել է Ուկրաինա վերջերս կատարած այցի ժամանակ, պայթել է Վարշավայում ոստիկանության գլխավոր գրասենյակում, ինչի հետեւանքով հրամանատարն ու քաղաքացիական ծառայողը թեթեւ վիրավորվել են, հայտնել է Լեհաստանի ՆԳՆ-ն։

Պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան ժամը 7:50-ին։ Թե ինչ իր է նվեր ստացել լեհ հրամանատարը Ուկրաինա կատարած աշխատանքային այցի ժամանակ, չի նշվում, հաղորդում է AP-ն։

Նախարարությունից հայտնել են, որ կիրակի եւ երկուշաբթի օրը հրամանատարը հանդիպել է Ուկրաինայի ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարների հետ։

Պայթյունից հետո «լեհական կողմը դիմել է ուկրաինական կողմին՝ խնդրելով համապատասխան պարզաբանումներ տալ», ասվում է հաղորդագրության մեջ։

Ոստիկանության հրամանատարը չորեքշաբթի օրվանից հիվանդանոցում է՝ հսկողության տակ, իսկ քաղաքացիական աշխատակիցը հոսպիտալացման կարիք չի ունեցել։