Պենտագոնը կընդլայնի ուկրաինացի զինծառայողների ռազմական ուսուցումը Գերմանիայում՝ շեշտը դնելով համատեղ զորավարժությունների եւ համազորային գործողությունների վրա։
Պենտագոնի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Փատրիկ Ռայդերն ասել է, որ մոտ 500 ուկրաինացի զինծառայողների պատրաստությունը կսկսվի հունվարին։
Նոր միջոցառումը կհամալրի ուկրաինացիների ուսուցման ջանքերը միլիարդավոր դոլարներ արժեցող արեւմտյան ռազմական տեխնիկայի հետ աշխատանքում, որը Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ն տրամադրել են պատերազմի սկզբում։
Ռայդերն ասել է, որ ուկրաինացիների հետ տարվելիք աշխատանքը հաջորդ տրամաբանական քայլն է ուսուցման իրենց շարունակվող ջանքերում։
Պենտագոնը հայտարարել է, որ 7-րդ բանակի ուսումնական հրամանատարությունը, որի կենտրոնատեղին Գերմանիայում է (Գրաֆենվեր), իրականացնելու է նախաձեռնությունը Գերմանիայի զորադաշտերում։
Նրա խոսքով՝ ուսուցումը կենտրոնանալու է արդեն դաշտային պայմաններում գտնվող, այլ ոչ թե ապագայում հատկացվելքի համակարգերի օգտագործման վրա։
Ռայդերը նշել է, որ «չգիտի», թե արդյոք ուսուցումը կպահանջի ԱՄՆ լրացուցիչ ուժեր։ «Մենք ունենք ուժեր, որոնք անցկացնում են ուսուցումը, ուստի, որքան ես գիտեմ, աջակցության զգալի ավելացման կարիք չկա»,- ասել է նա։
Ռայդերի խոսքով՝ ԱՄՆ-ը այսպիսի ուսուցում Ուկրաինայում իրականացրել է մինչեւ պատերազմն սկսվելը՝ 2014-ից։ «Երբ Ռուսաստանը ներխուժեց, մենք հետ կանչեցինք Ուկրաինայից մեր հրահանգիչներին, եւ հիմա սա այդ ուսուցման շարունակությունն է»,- ասել է Ռայդերը։





























