Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել պաշտպանական քաղաքականության մասշտաբային վերանայմանը՝ զգուշացնելով, որ Չինաստանը երկրի անվտանգությանը «հզորագույն ռազմավարական մարտահրավեր» է ներկայացնում, հաղորդում է AFP-ը։
Ճապոնիան պաշտպանության ոլորտում վերջին տասնամյակների ընթացքում իր խոշորագույն վերանայման ընթացքում խոստացել է 2027 թվականին մինչեւ ՀՆԱ երկու տոկոսը ավելացնել անվտանգւոթյան ծախսերը՝ փոխելով իր ռազմական հրամանատարությունն ու ձեռք բերելով նոր հրթիռներ, որոնք կարող են խոցել հակառակորդի հեռավոր թիրախները։
«Մեր պաշտպանական ներուժի հիմնարար ամրապնդումն ամենաարդիական խնդիրն է անվտանգության այս բարդ իրավիճակում»,-ավելի վաղ հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան:
Փոփոխությունները դեռ կարող են հակասական լինել, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայի սահմանադրությունը պաշտոնապես սահմանափակում է զինված ուժերը ինքնապաշտպանության հնարավորություններով:
Նոր ակնարկում Չինաստանն անվանվում է «ամենամեծ ռազմավարական մարտահրավերը, որը երբեւէ ուղղված է Ճապոնիայում խաղաղության եւ կայունության ապահովմանը»։
Ի պատասխան՝ Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է մինչեւ 2027թ․ ֆինանսական տարում ավելացնել իր պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի երկու տոկոսի չափով՝ Ճապոնիան ՆԱՏՕ-ի անդամների չափանիշներին համապատասխանեցնելու համար: Սա նշանակալի աճ է պատմական ծախսերի համեմատ, որոնք կազմում էին մոտ մեկ տոկոս, եւ քննադատություն է առաջացրել այն առումով, թե ինչպես են դրանք ֆինանսավորվելու:
Գումարը կուղղվի նախագծերի ֆինանսավորմանը, այդ թվում՝ ձեռք բերելով այն, ինչ Ճապոնիան անվանում է «հակահարվածային ներուժ»։
Այնուամենայնիվ, ակնարկելով հարցի նրբանկատության մասին՝ փաստաթուղթը բացառում է կանխարգելիչ հարվածները եւ պնդում է, որ Ճապոնիան հավատարիմ է «քաղաքականությանը, որը կենտրոնացած է բացառապես պաշտպանության վրա»։
Ակնկալվում է, որ այլ փոփոխություններ կներառեն Ճապոնիայի զինված ուժերի կողմից մշտական միացյալ հրամանատարության ստեղծումը:
Հակահարվածի հնարավորությունները կներառեն ինչպես առկա ճապոնական սպառազինությունների արդիականացումը, այնպես էլ ամերիկյան արտադրության Tomahawk հրթիռների գնումը, ըստ հաղորդումների՝ մինչեւ 500 հատ:
Կառավարության կողմից հաստատված փաստաթղթերի թվում է Ազգային անվտանգության ռազմավարությունը, որն առաջին անգամ թարմացվում է 2013 թվականից ի վեր:
Ինչպես Չինաստանի, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ ձեւակերպումները զգալիորեն խստացել են։
Ռազմավարական փաստաթղթում ավելի վաղ ասվում էր, որ Ճապոնիան ձգտում է «փոխշահավետ ռազմավարական գործընկերության» Պեկինի հետ։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը Ճապոնիային կոչ է արել «մտածել իր քաղաքականության շուրջ»։
«Ճապոնիան անտեսում է փաստերը, հետ է կանգնում Չինաստանի եւ Ճապոնիայի միջեւ ընդհանուր ըմբռնումից եւ երկկողմ հարաբերություններին իր հանձնառությունից, ինչպես նաեւ վարկաբեկում է Չինաստանին»,-լրագրողներին ասել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:
Չնայած Ճապոնիայի ռազմավարական փաստաթուղթը ժամանակին կոչ էր անում ամրապնդել կապերը եւ համագործակցել Ռուսաստանի հետ, այն այժմ նախազգուշացնում է, որ Մոսկվայի ռազմական ներկայությունը Ասիայում եւ Չինաստանի հետ համագործակցությունը «անվտանգության լուրջ խնդիր է»։


























