Եվրամիության պետությունները պետք է համատեղ զենք գնեն Ուկրաինա զինամթերքների մատակարարումներից հետո, ասել են ԵՄ պաշտպանական գործակալությունում՝ նախազգուշացնելով, որ Միացյալ Նահանգները միշտ չէ, որ կարող է պաշտպանել Եվրոպան սպառնալիքներից։
Պատերազմն Ուկրաինայում «ի ցույց է դնում մեր հնարավորությունների անբավարարությունը»,- ասել է Եվրոպական պաշտպանական գործակալության գործադիր տնօրեն Իրժի Սեդիվին։
Նրա խոսքով՝ գործակալությունը բանակցություններ է վարում զենք արտադրող եվրոպական ընկերությունների հետ՝ արտադրությունն ավելացնելու վերաբերյալ, ինչպես նաեւ այն ուղղությամբ, որպեսզի երկրները միավորեն ջանքերը զենք եւ զինամթերք գնելու հարցում։ «Կարեւոր է, որ մենք՝ Եվրոպական միությունը, կարողանանք դառնալ անվտանգության հուսալի մատակարար քաղաքացիների պաշտպանության համար»,- ասել է նա Reuters-ին՝ երկրներին կոչ անելով լսել ԱՄՆ կոչերը պաշտպանությունում ներդրումների մասին։
«Միացյալ Նահանգներն անխուսափելիորեն կներգրավվի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ չի կարողանա ապահովման կարեւոր միջոցներ տրամադրել, ինչպիսին են հետախույզ-ինքնաթիռները, գերճշգրիտ հրթիռները եւ հակաօդային պաշտպանության միջոցները»։
Նա նաեւ նշել է ահաբեկչության սպառնալիքի եւ Մերձավոր Արեւելքում կամ Հյուսիսային Աֆրիկայում չկայացած պետությունների սպառնալիքի մասին։
Եվրոպայում տարբեր մոտեցում կա պաշտպանության հարցին. երկրները հիմնականում ինքնուրույն են զինում իրենց զինված ուժերը՝ կարկատանով ծածկոց ստեղծելով անհամատեղելի զենք ու զինամթերքից։
Պաշտպանության եվրոպական ծախսերն առաջին անգամ գերազանցել են 200 մլրդ եվրոն 2021թ.՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 6 տոկոսով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է այն ժամանակվանից, երբ տարածաշրջանը սկսել է ավելացնել ռազմական ծախսերը 2015թ.։
Եվրոպական խորհրդարանի 2020թ. հաշվետվության համաձայն՝ առամց ԱՄՆ-ի օգնության ԵՄ-ի համար դժվար կլինի պաշտպանել իրեն, քանի որ չեն բավականացնի հետախուզությունը, հետախուզական ավիացիան եւ միջին հեռահարության հակահրթիռային պաշտպանությունը, ինչպես նաեւ դեսանտային նավերն ու սուզանավերը։





























