Հոնկոնգի եւ մայրցամաքային Չինաստանինմիջեւ սահմանն արդեն հաջորդ շաբաթ կարող է ամբողջությամբ բացվել, հայտնում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց:
Հոնկոնգի սահմանային անցակետերի մեծ մասը 2020 թվականից՝ կորոնավիրուսային համաճարակի սկզբից փակ են եղել: Ներկայիս սահմանափակումների համաձայն՝ մարդիկ կարող են մուտք գործել Չինաստանի մայրցամաքային հատված՝ օդային ճանապարհով, ինչպես նաեւ Շենժեն Բեյ կամրջի եւ Հոնկոնգ-Չժուհայ-Մակաու կամրջի անցակետերով:
Հրատարակության տվյալների համաձայն՝ Հոնկոնգը մտադիր է ամբողջությամբ բացել սահմանները մայրցամաքային Չինաստանի հետ եւ հաջորդ ամսվա սկզբից վերսկսել արագընթաց գնացքների գործունեությունը դեպի Չինաստանի հարավային Գուանդուն նահանգ։
Վերոնշյալ որոշումը հաջերոդել է քաղաքային իշխանության կողմից հակահամաճարակային սահմանափակումները վերացնելու որոշմանը. այս շաբաթ ամբողջությամբ չեղարկվել է արտասահմանից ժամանողների տնային եռօրյա ինքնամեկուսացման պայմանը:
Մայրցամաքային Չինաստանի իշխանությունները նույնպես սկսել են թեթեւացնել հակահամաճարակային միջոցառումները՝ հեշտացնելու մարդկանց եւ ապրանքների միջսահմանային հոսքը Հոնկոնգից, ներառյալ սահմանը հատող մարդկանց թվի օրական թույլատրելի թիվն ավելացնելով 2000-ից մինչեւ 2500-ի:
Հոնկոնգի գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Լին ավելի վաղ ասել էր, որ Հոնկոնգի կառավարությունը կշարունակի սերտ կապ պահպանել մայրցամաքի համապատասխան գերատեսչությունների հետ:
Սահմանի ամբողջական բացման ծրագրին ծանոթ մեկ այլ աղբյուր թերթին ասել է, որ Պեկինը նպատակ ունի մինչեւ հաջորդ ամսվա սկզբը վերականգնել երթեւեկությունը՝ ինչպես Հոնկոնգի, այնպես էլ մայրցամաքային Չինաստանի տնտեսությունները վերականգնելու համար:





























