Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է 2023 թվականին գազի մատակարարումներն ավելացնել մինչեւ 24 մլրդ խմ, այդ թվում՝ Եվրոպա՝ նվազագույնը մինչեւ 11,6 մլրդ խմ, հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։

«Անցյալ տարի գազի արտահանումը (Եվրոպա) կազմել է 8,2 մլրդ խմ, այս տարի՝ 11,3 մլրդ խմ, իսկ հաջորդ տարի սպասվում է առնվազն 11,6 մլրդ խմ մակարդակում։  Ընդհանուր առմամբ, Ադրբեջանից գազի արտահանումը հաջորդ տարի սպասվում է մոտ 24 մլրդ խմ, համեմատության համար՝ 2021 թվականին այն կազմել է 19 մլրդ խմ»,-ասել է Ալիեւը Ռումինիայում կայացած նիստում։   

Ուշադրություն հրավիրելով ուրբաթ օրը SOCAR (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) եւ Romgaz S. A. (Ռումինիա) ընկերությունների միջեւ 2023 թվականի հունվարի 1-ից Ադրբեջանից Ռումինիա գազ մատակարարելու մասին համաձայնագրի ստորագրմանը՝ նա նշել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Եվրոպա գազի մատակարարումների աշխարհագրությունը, ինչը, նրա խոսքով, ձեռնտու է երկու կողմերին։

«Սա շահեկան իրավիճակ է, քանի որ Եվրոպան իր էներգետիկ անվտանգության ամրապնդման, իսկ Ադրբեջանը՝ հուսալի շուկայում իր էներգառեսուրսների հսկայական ծավալի իրացման կարիք ունի»,-ասել է նա։