Լեհաստանի զինված ուժերը «Մարզվիր բանակի հետ» նախագծի շրջանակում 15-65 տարեկան կամավորականներ է հավաքագրում ռազմական գործի ուսուցման համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է երկրի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար  Մարիուշ Բլաշչակը։

Բլաշչակի խոսքով՝ նախագծի նպատակը որքան հնարավոր է շատ մարդկանց բազային հմտություններ ուսուցանելն է՝ զենքի օգտագործում, բուժօգնության տրամադրման հիմքեր, բարդ իրավիճակում գործելու հմտություններ, ծայրահեղ պայմաններում կրակ բացելու կարողություն եւ այլն։

Բլաշչակը նշել է, որ զինվորականները պատրաստ են սովորեցնել ավելի քան 8 հազար կամավորականի Լեհաստանի 31 կայազորներում։ Պարապմունքները կանցկացվեն ութ ժամով, շաբաթ օրերը, հունվարի կեսից մինչեւ փետրվարի վերջ, մարզումները լինելու են անվճար։

Նախարարն ընդգծել է, որ նախագծին անչափահասների մասնակցության համար կպահանջվի ծնողների թույլտվությունը։

«Մենք չենք թաքցնում, որ ցանկանում ենք ներգրավել բոլոր նրանց, ովքեր դեռ չեն որոշել ինչ անել ապագայում, եւ այս մարզումների միջոցով նրանց ներգրավել ծառայության լեհական բանակում»,- ասել է Բլաշչակը։