Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Իտալիայի շահերից է բխում, որպեսզի Ուկրաինան դառնա արդիական զարգացած երկիր, եւ պատրաստ է ծանրակշիռ ավանդ ներդնել նրա վերականգնման գործում։ Այս մասին նա տեղեկացրել է Il Messaggero թերթում հրապարակված հարցազրույցում։

«Քանի որ Ուկրաինան ԵՄ անդամության թեկնածու է, Իտալիան ցանկանում է կարեւոր ավանդ ներդնել նրա վերականգնման գործում։ Մենք պատրաստվում ենք  լինել առաջին շարքերում եւ արդեն մտածում ենք, թե ինչ կարող են անել մեր ընկերությունները»,- ասել է նա։

Տայանին նաեւ նշել է, որ «վատ չէր լինի ստեղծել Ուկրաինայի վերականգնման օգնության ֆոնդ»։

Դեկտեմբերի 13-ին Իտալիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Ուկրաինան կարող է իտալական օգնության հույս ունենալ  ռազմավարական ենթակառուցվածքի, հիվանդանոցների վերականգնման, ինչպես նաեւ բուժօգնության տրամադրման հարցերում։

Մինչ այդ Տայանին ասել էր, որ Հռոմը պատրաստ է օգնել Կիեւին ձմռան շրջանում եւ ուղարկել էլեկտրացանցերի աշխատանքին նպաստող տեխնոլոգիաներ։