Իտալիան պետք է հավասար հարաբերություններ ունենա Մեծ Բրիտանիայի եւ Ճապոնիայի հետ՝ նոր ռեակտիվ կործանիչ մշակելու համար: Այս մասին Reuters-ին ասել է պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն։
Այս ամիս երեք երկրներ հայտարարել են Համաշխարհային մարտական ավիացիայի ծրագրի (GCAP) ստեղծման մասին՝ մինչեւ 2035 թվականը հաջորդ սերնդի ռեակտիվ ինքնաթիռ մշակելու համար, որը կմիավորի բրիտանական Tempest նախագիծը ճապոնական FX ծրագրի հետ:
Կրոզետոն նշել է, որ Հռոմը լրացուցիչ մանրամասները պարզելուց հետո վերջնական որոշում կկայացնի, թե որքան գումար ներդնի բազմամիլիարդանոց նախագծում։
«Իտալիան կշարունակի գնալ այս ճանապարհով միայն այն դեպքում, եթե ունենա նույն կշիռը, ինչ Ճապոնիան եւ Մեծ Բրիտանիան՝ տեխնոլոգիաներում, հետազոտություններում եւ հետո, ինչու ոչ, նաեւ արդյունքներում»,- ասել է նա:
Բրիտանական BAE Systems PLC-ը, ճապոնական Mitsubishi Heavy Industries-ը եւ իտալական Leonardo պաշտպանական խումբը կղեկավարեն ինքնաթիռի մշակումը, իսկ եվրոպական հրթիռներ արտադրող MBDA-ն եւ այլ ընկերություններ նաեւ կմասնակցեն դրան:
Կրոզետոն ասել է, որ չպետք է որեւէ խոչընդոտ լինի մրցակից եվրոպական ծրագրի հետ ուժերը միավորելու համար՝ հավելելով, որ GCAP-ը պետք է ուղղվի նաեւ նոր գործընկերներ որոնմանը, հատկապես Եվրոպայում: «Կարծում եմ, որ առաջադրանքը հետազոտական եւ տեխնոլոգիական հատվածը զգալիորեն մեծացնելն է, այնուհետեւ հաջորդ երկու կամ երեք տարիների ընթացքում այլ երկրների համար գրավիչ դառնալը»,- ասել է նա:





























